Շփման գիծ. Աղդամ կամ Կովկասի Հիրոսիմա

1993 թվականին Աղդամում ծավալված մարտական գործողությունների արդյունքում քաղաքը գրեթե հողին էր հավասարվել` քարուքանդ եղած տների ու ավերակների կույտ հիշեցնելով:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շարունակում են եկվորներին զգուշացնել, որ Աղդամ այցելելն արգելված է: Ֆիլմի դեկորացիա հիշեցնող Աղդամն օտարերկրացի լրագրողները հաճախ անվանում են Կովկասի Հիրոսիմա` փորձելով գոնե հպանցիկ հայացք գցել քաղաքի վրա:
Այն մասին, որ Աղդամ այցելելն արգելված է, ԼՂ այցելողները տեղեկանում են, երբ ներկայանում են արտգործնախարարություն` մուտքի թույլտվության հաստատումը ստանալու:

«Անվտանգության նկատառումներից ելնելով` ԼՂՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս օտարերկրացիներին ձեռնպահ մնալ այդ երթուղուց` նկատի առնելով ականադաշտերի առկայությունը, մանավանդ, որ քաղաքացիական անձանց շրջանում դժբախտ պատահարների փաստեր են արձանագրվել», – տեղեկացնում է ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը` IWPR-ի հարցին ի պատասխան:

Աղդամը, որը ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ է հեռու, ԼՂ շուրջը գտնվող յոթ հարակից շրջաններից մեկն է: Աղդամի ավերակները, զենքի մնացորդները, Ադրբեջանի ուղղությամբ տեղակայված տանկերը հուշում են, որ պատերազմի ավարտը հաստատված չէ:

1993-ի սկզբին Աղդամը 3 ամիս շարունակ գնդակոծությունների ենթարկվեց, իսկ հունիսին այն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ` հետագայում եւս ենթարկվելով ծանր ռմբակոծությունների: Երբ Աղդամի 150 հազար բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր ադրբեջանցիներից, լքեց քաղաքը, այն քարուքանդ եղած տների ու ավերակների կույտ էր հիշեցնում:

Ժամանակին Աղդամը մեծ առեւտրային քաղաք էր, եւ Ղարաբաղի բնակիչները հաճախ էին գալիս այստեղ ապրանք գնելու կամ վաճառելու: Աղդամը հայտնի էր իր խաղողի այգիներով եւ այստեղ արտադրվող գինով, բայց այս ամենից այսօր ոչինչ չի մնացել: Աղդամի նախկին ադրբեջանցի բնակիչները ներկայում փախստականների կարգավիճակով բնակվում են Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում` ստիպված լինելով նոր կյանք սկսել այնտեղ այն ամենով, ինչը կարողացել էին իրենց հետ տանել Աղդամից:

Ավերակների ֆոնին 1993 թվականից ի վեր այնտեղ մարդիկ են ապրում: 48-ամյա Սվետլանա Առաքելյանը Աղդամում է բնակվում 1993 թվականից: Մասնակցել է մարտական գործողություններին եւ հետո չի ցանկացել վերադառնալ Արմավիր, որտեղ ապրում էր մինչ այդ: Սվետլանայի կրտսեր որդին հենց Աղդամում է ծնվել` 1995 թվականին, եւ Աղդամում էլ մահացել 2005-ին ավտովթարի հետեւանքով:

«Եթե նախկինում ափսոսում էի տեղափոխվել ունեցվածքիս պատճառով, հողամասի եւ այսքան տարիների ընթացքում ստեղծված ապրուստիս, ապա այսօր չեմ մտածում նույնիսկ տեղափոխվելու մասին, քանի որ տղայիս գերեզմանն այստեղ է», – պատմում է Աղդամի բնակիչը:

ԼՂ կառավարության տվյալներով` Աղդամում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Աղդամը ԼՂ-ում գտնվող եզակի բնակավայրերից է, որտեղ մինչ այսօր հոսանք չկա: Բնակիչները մոմի լույսով են լուսավորում եւ փայտի վառարաններով տաքացնում իրենց կացարանները:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանն ասում է` կառավարությունը հնարավորություն չունի զարգացնել Աղդամը. «Աղդամում միայն էլեկտրամատակարարում իրականացնելու համար մի քանի միլիարդ դրամ է պետք, ինչի հնարավորություն չունենք»:

Չնայած ենթակառուցվածքների բացակայությանը, սոցիալական դժվար պայմաններին, մարդիկ, փաստորեն, շարունակում են ապրել այստեղ: Եվ քանի դեռ ապրում են, չեն դժգոհում:

52-ամյա Գենո Պետրոսյանը, ով իր ընտանիքի հետ տեղափոխվել է ԼՂ Ավետարանոց գյուղից, արդեն 10 տարի բնակվում է Աղդամում: Նա քաղաքի միակ խանութի սեփականատերն է:

«Ամսական ամենաքիչը 200 000 դրամ եմ վաստակում: Սա աշխատող մարդու տեղ ա: Եթե աշխատող ես, կկարողանաս գլուխդ պահես: Մեր գյուղում եղանակը լավը չի, միշտ անձրեւ է, բերք չէինք ստանում: Իսկ էստեղ տարեկան երկու անգամ բերք ունենք», – պատմում է Աղդամի ամենահաջողակ գործարարը, ով բացի առեւտրից, նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվում:

Գենոյի երկու սենյականոց քարե հատակով կացարանի պատերը ծխից սեւացել են: Փայտով տաքացվող սենյակում Գենոյի կինն օրորում է փոքրիկ թոռնիկին, ում քնեցնում են ադրբեջանցիներից մնացած երկաթե, ժանգոտած օրորոցում:

Բազմոցի դիմաց տեղադրված է հեռուստացույց` այն հույսով, որ մի օր հոսանք կլինի, եւ հեռուստացույց նայելու հնարավորություն. «Դե որ պետությունը սկսել է հողի հարկ հավաքել, մի օր էլ հոսանքը կմիացնեն էլի»:

Աղդամի բնակիչներին հողատարածքների հատկացման գործընթացի կարգավորման եւ այլ կենցաղային խնդիրներ լուծելու նպատակով` ԼՂ Կառավարությունը Աղդամը վերանվանել է Ակնա եւ քաղաքը դարձրել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը, որն Աղդամից հեռու է մոտ 11,5 կմ:

ԼՂ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանն IWPR-ին ասաց, որ Աղդամում բնակվող դպրոցականները Ասկերան քաղաքի դպրոցներ են հաճախում. «Կառավարությունն անվճար տաքսիներ է հատկացրել, որոնք ամեն առավոտ դպրոցականներին դպրոց են տանում, եւ դպրոցից հետո կրկին տեղափոխում Աղդամ»:

Քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը լավատեսորեն է տրամադրված Աղդամի ապագայի հանդեպ: Նրա համոզմամբ` տարիների ընթացքում բնակչության աճի հետ կմեծանա նաեւ կառավարության ուշադրությունը այդ տարածքի եւ այնտեղ ապրողների նկատմամբ: Փորձագետի կարծիքով` զբոսաշրջիկներին Աղդամ գնալ արգելելու փաստը քաղաքականություն չի պարունակում իր մեջ.

«Այդ տարածքն անվտանգության գոտի է, այնտեղ կա շփման գիծ, հետեւաբար ԼՂ կառավարությունը պատասխանատվություն է կրում այնտեղ այցելող զբոսաշրջիկի անվտանգության համար», – նշում է Պողոսյանը:

Լուսինե Մուսայելյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)