ԱՀԿ-ի փորձագետները Ղազախստանում կուսումնասիրեն թոքաբորբով հիվանդների թվի աճի պատճառները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ղազախստան կուղարկի մասնագետների թոքաբորբով հիվանդացության աճի պատճառների ուսումնասիրման համար: Այդ մասին հայտնել Է հանրապետությունում ԱՀԿ-ի ներկայացուցչության ղեկավար Քերոլայն Քլարինվալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ղազախստանի իշխանություններն ավելի վաղ տեղեկացրել են թոքաբորբով հիվանդության դեպքերի թվի կտրուկ աճի մասին՝ կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ: Առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյի խոսքով՝ առաջին կիսամյակում թոքաբորբով հիվանդների թիվը կազմել Է շուրջ 98,5 հազար, ինչը 55,4 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ըստ որում նրանց զգալի մասի մոտ կորոնավիրուսի բացասական անալիզ Է: Քերոլայն Քլարինվալը կրկնել Է առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ծրագրի տնօրեն Մայք Ռայանի այն ենթադրությունը, թե թոքաբորբով հիվանդացածների թվի աճն, ամենայն հավանականությամբ, կապված Է կորոնավիրուսի հետ:

«Հնարավոր Է, ինչ-որ պացիենտներ ուշ են դիմել օգնության եւ նրանց մոտ կան թոքաբորբի նշաններ, բայց մենք առայժմ չենք կարող հայտնաբրել վիրուսի առկայությունը»,- պարզաբանել Է կազմակերպության ներկայացուցչության ղեկավարը: Նրա խոսքով՝ այդ ամենը կդառնա վերլուծության առարկա: «ԱՀԿ-ն նաեւ երկիր կուղարկի լաբորատոր հետազոտությունների բնագավառի փորձագետների խումբ: Այդտեղ կարող են լինել ամենատարբեր պատճառներ, բայց գլխավորն Է չշտապել եզրակացություններով, քանի որ մենք անհրաժեշտ տեղեկատվություն չունենք»,- նշել Է Քլարինվալը: Այս պահին երկրում հաստատված Է կորոնավիրուսով ախտահարման 61 755 դեպք, 35 911 հիվանդ բուժվել Է, 396 մարդ՝ մահացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: