Պեսկովն ընդունել է, որ ՌԴ-ն չի հասել ռազմական գործողության բոլոր նպատակներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ռուսաստանը չի հասել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Պեսկովը, ընդհանուր առմամբ, համաձայնել է այդ գնահատականի հետ, սակայն ընդգծել է, որ նպատակներից շատերն արդեն իրականացվել են։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների գլխավոր նպատակը նա ձևակերպել է որպես Դոնբասի բնակիչների անվտանգության ապահովում։

«Այդ նպատակներից շատերին արդեն հասել ենք։ Գլխավորը այն մարդկանց անվտանգության ապահովումն է, որոնք ապրել և շարունակում են ապրել Ուկրաինայի արևելքում և իսկապես գտնվել են մահացու վտանգի պայմաններում։ Եվ դա առաջնահերթությունն է, – պարզաբանել է Պեսկովը։ – Սակայն, այո, բոլոր նպատակները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։

Մամուլի ասուլիսի ընթացքում Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ռազմական գործողությունը մեկնարկել է որպես «հակազդեցություն կիևյան ռեժիմին», սակայն հետագայում վերածվել է Մոսկվայի և արևմտյան երկրների միջև դիմակայության։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ի սկզբանե հույս է ունեցել հակամարտությունն ավարտել բանակցությունների միջոցով։