«Եթե Շուշի այցին մեր ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն չի արվում, բոլորը կարող են այդ լռությունն ընդունել որպես համաձայնության նշան»․ Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, ԵՄ-ն ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալը: Ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի ԵՄ-ն այդքան մեծ աջակցություն է հատկացնում Հայաստանին, այդ թվում՝ Սյունիքի համար:

-ԵՄ-ի կողմից աջակցության ծրագիրը տրամադրվում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասի մյուս երկու երկրներին: Համենայնդեպս, այդպիսի տեղեկություններ արդեն տարածվել են համացանցով:

Մեծ աջակցությունը պայմանավորված է նաև Հայաստանի տնտեսական իրավիճակով, այն աշխարհաքաղաքական իրողություններով, որոնք Հայաստանում կան, մասնավորապես, հետպատերազմական վիճակը:

Բնականաբար, այստեղ կա նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ: ԵՄ-ն, ԱՄՆ-ն առավել ակտիվ են փորձում գործել մեր տարածաշրջանում, մանավանդ հետհեղափոխական և հետպատերազմյան Հայաստանում: Կարծում եմ՝ մենք դրա արդյունքները շատ մոտ ապագայում կսկսենք տեսնել ու հասկանալ:

– Միաժամանակ մենք ականատես եղանք Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ Շուշիում տեղի ունեցած հավաքին, որին հրաժարվել էին մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները: Ի՞նչ մեսիջ էր սա՝ ուղղված Ադրբեջանին ու Թուրքիային:

-Դե, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների չմասնակցելը նշանակում է, որ նրանք ինչ-որ բանի հետ չեն համակերպվում, Շուշի այցելության մեջ ինչ-որ խնդիր են տեսնում: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից պետք է հնարավորինս արագ արձագանք լինի, և եթե Երևանի կողմից այդ արձագանքը չլինի, ապա դա կարող է դիտարկվել որպես նորմալ երևույթ, և արդեն ով ցանկանա, ցանկացած մակարդակի պաշտոնյա կարող է այցելել Շուշի՝ առանց որևէ խնդիր տեսնելու:

Եթե հիշում եք, առաջ որևէ դեսպան չէր այցելում Արցախ, որովհետև եթե այցելում էր, Ադրբեջանը մեծ իրարանցում և աժիոտաժ էր առաջացնում, պերսոնա նոն գրատա էր հայտարարում տարբեր դեսպանների, պետական պաշտոնյաների:

Դրա համար միջազգային հանրությունն զգուշավոր էր նման քայլի դիմելիս: Իսկ հիմա, երբ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն չի արվում, ապա բոլորը կարող են ԱԳՆ-ի լռությունն ընդունել որպես համաձայնության նշան և հաշտվել այդ մտքի հետ:

Իսկ ըստ Ձեզ, դեսպանների Շուշի այցի հետ կապված արձագանքն ինչո՞ւ է այդքան ուշանում:

-Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել, թե ինչու հայկական կողմը այդ այցելության հետ կապված որևէ մակարդակով որևէ ձայն չի հանում: Նույնիսկ եթե հայկական կողմը համակարծիք է այն մտքին, որ Շուշին այլևս մերը չէ, դա չի նշանակում, թե պետք է հաշտ ու համերաշխ լինել այն պրոցեսների նկատմամբ, որոնք տեղի են ունենում:

Մենք անպայման պետք է արձագանքենք, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ագրեսիայի հետևանքով: Մեր դիվանագիտությունը պետք է ի վերջո վերականգնվի, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պետությունները նույնիսկ ծանր պարտությունից հետո կարողացել են շատ լուրջ բանակցային դիրքեր ամրապնդել և լուրջ ձեռքբերումներ ունենալ դիվանագիտության կիրառման արդյունքում: Այնպես որ, կարծում եմ՝ մեր դեպքում ևս դա հնարավոր կլիներ, եթե ցանկություն լիներ:

-Եթե նորից անդրադառնանք ԵՄ-ից Հայաստանին տրվող աջակցությանը, ընդհանրապես, որքանով է Հայաստանն արդարացնում ԵՄ-ի սպասելիքները:

– Ես նշեցի, որ սա ունի նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ և, բնականաբար, պայմանավորված չէ միայն երկկողմ հարաբերություններով: Գիտեք, որ Հայաստանի նաև նախկին իշխանությունների օրոք ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը արդեն այս իշխանությունների օրոք դրա մի մասը մտավ ուժի մեջ:

Համենայնդեպս, սա ունի ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակ և նշանակություն, և չպետք է միայն երկրորդ հարաբերությունների համատեքստում դիտարկել:

-Ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ և Բրյուսել: Կարո՞ղ ենք դիտարկել, որ այս աջակցությունը նաև ինչ-որ խոստումներով պայմանավորված լինի, որոնք տրվել են հենց այդ երկրներում:

-Ես չեմ բացառում, որ միգուցե Հայաստանը ինչ-որ խոստումներ է տվել կամ ինչ-որ պարտավորություններ է ստանձնել, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկայում, համենայնդեպս, դրա վերաբերյալ պաշտոնական կամ այլ տեսակի տեղեկություն դեռևս չկա:

Այստեղ պետք է դիտարկել տարածաշրջանային և գլոբալ քաղաքական պրոցեսները և այդ պրոցեսների վրա ազդող գործոնները:

-Ինչո՞վ է պայմանավորված, որ ԵՄ այս աջակցության ծրագրերում նաև Սյունիքն է ներառված:

-Սյունիքը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հանգույց է, որը նաև որպես տարանցիկային հանգույց է դիտարկվում, ուստի ճանապարհների ու ենթակառուցվածքների առումով է նաև կարևոր:

Մանե Հարությունյան

MediaLab.am