Վարչապետը հանձնարարել է շտկել անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների աջակցության ծրագրի թերությունները

Պատերազմի ընթացքում անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:

«Կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Թերություն եմ համարում այն, որ երեխաները, կարծես թե որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, ճշգրտումների կարիք կա», – ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, խնդիր է առաջացրել: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», – ասաց փոխվարչապետը: