Խուճապի հաղթանակը

Մհեր Արշակյան

Գուցե ազնի՞վ լինենք։ Ժողովուրդն ամենևին էլ Փաշինյանին պողպատյա մանդատ չի տվել։ Ժողովուրդն ընդհանրապես Փաշինյանին չէ, որ մանդատ է տվել։ Ժողովուրդը քվեարկել է խուճապից։ 

Եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք նա երկրից փախչում էր խուճապահար, հիմա այդ խուճապն ուղղակի գնաց ընտրատեղամասեր։ 

Նիկոլ Փաշինյանը գաղափար անգամ չունի, թե ինչպես խելքի բերի երկիրը։ Ու խոսքն ամենևին տնտեսական հաջողությունների մասին չէ։ 

Այդտեղ գուցե նույնիսկ հաջողի։ Խոսքը հետպատերազմյան Հայաստանի մասին է, որը ոչ դեմք ունի, ոչ լեզու, ոչ ասելիք։ Այսպիսի Հայաստան վերջին 100 տարում ուղղակի չի եղել, որովհետև Հայաստանի հետագա գոյության երաշխավորը չկա։ 

1920-ից հետո այդ երաշխավորը բոլշևիկներն էին, 1991-ից հետո միջազգային իրավիճակն այնպիսին էր, որ քաղաքակիրթ աշխարհն ուղղակի ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը, այսինքն` 15 հանրապետությունների անկախացումը։ 

Այդ ժամանակ մենք պատերազմ հաղթեցինք։ Դա մի հաղթանակ էր, որը խեղդվեց Ղարաբաղի հարցի մեջ։ Դա մի հաղթանակ էր, որը բոլորին անջատեց այդ հաղթանակի քաղաքական ամրագրման անհրաժեշտությունից, որովհետև հազիվ հաղթել էինք։ Գրաված տարածքները դարձան խաղալիք, որոնցով հայ ժողովուրդն ուզում էր խաղալ «լավ, էլի, մամ, մի քիչ էլ խաղամ» տրամաբանությամբ։ 

Ոչ ոք խաղալիքի վրա ներդրում չի անում, խաղում ես ու շպրտում մի կողմ։ Մեր խաղալիքը չփոխվեց, ու մենք չփոխվեցինք։ 

Սա պետություն էր, որն ունի տնտեսական, քաղաքական, անվտանգային հրամայականներ։ Այս պետության մեջ մարդիկ կային, որոնք բղավում էին՝ ժողովուրդ, հերիք է խաղաք գրաված տարածքներով։ Բայց ժողովուրդը չնահանջեց։ 

Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը չուզեցին ժողովրդի ձեռքից վերցնել այդ խաղալիքը։ Այսինքն` նրանք (առաջին երկուսը) խաղալիքը տվել էին ժողովրդի ձեռքը ու երկրի հերն էին անիծում, իսկ երրորդը եկավ ու սկսեց ինքն էլ խաղալ դրանով։ 

Ում ասես, որ հետո շատ վատ է լինելու, ընկերներ, եթե երկրիդ առաջնորդը մանուկ է։ Մանուկ է, բայց թալանչի ու բռնարար չէ։ 

Մանուկը չգիտի, որ իր պատճառով կարող են սպանվել հազարավորներ, մանուկը չգիտի, թե ինչ է կառավարումը, նա կարող է արձանագրել, թե ինչն է տհաճ դարձնում իր մանկությունը, բայց անձամբ դա փոխել չի կարող։ Երևի միայն լացելով։ 

Փաշինյանը չէր լացում, բղավում էր։ Ընդ որում` այդպես էլ տոնայնությունը չփոխելով ոչ ընդդիմադիր մանկության ժամանակ, ոչ էլ, երբ նրան արդեն իշխանություն էին տվել։ Բղավող երեխան միշտ է ընդդիմադիր, բայց նա երբեք իշխանություն չի կարող լինել, քանզի ինչի՞ց է դժգոհում։ 

Եթե ծնողները մի կողմ են քաշվել ու ասում են՝ դե լավացրու մեր տան վիճակը։ Դա ծնողի անպատասխանատվությունն է, որը զիջեց չդադարող դեցիբալերին։ 

Մեզ հետ տեղի է ունեցել նույնը։ Նիկոլ Փաշինյանը մերն է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը մերը չէ։ 

Նա մեզնից գողացել է, սպանել է, խաբել է, կեղծել է։ Փաշինյանը Քոչարյանից անհամեմատ ավելի շատ սպանությունների պատճառ է դարձել, Փաշինյանը դրա համար դեռ պետք է պատասխան տա, բայց նա մերն է, չի գողացել, չի կեղծել։ 

Ապրողի համար ամենակարևորում նա չի վրիպել։ Քվեն տալ Փաշինյանին` չի նշանակում հույսը կապել նրա հետ։ Մարդը կարող է կանխել Քոչարյանի գալը, բայց ինքը վեր կենա ու գնա այս երկրից։

Շատերն այդպես էլ կանեն։ Ոչ մեկը Փաշինյանի հետ հույս չի կապում։ Ուղղակի գերադասեցին երկիրը թողնել երեխային, բայց ոչ հրեշին։

Այս ընտրություններն ամենասարսափելին էին Հայաստանի պատմության մեջ, որովհետև Հայաստանի քաղաքացին տեսադաշտում եղած վտանգներից ավելի հեռու չնայեց։ Հիմա նա չունի ոչ խաղալիք, ոչ հույս, ոչ էլ առաջնորդ։ Նա ընտրեց խուճապից, բայց խուճապը դրանից չվերացավ։ Հիմա նա ունի և Ռոբերտ Քոչարյան, և խուճապ։

Մհեր Արշակյան

MediaLab.am