Լե Պենը կկարողանա մասնակցել 2027-ի նախագահական ընտրություններին, բայց՝ էլեկտրոնային ապարանջանով

Փարիզի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ֆրանսիական ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լե Պենի դատապարտումը՝ Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով, սակայն մեղմացրել է նրա նկատմամբ սահմանված պատիժը։

Դատարանը կրճատել է Լե Պենի՝ ընտրվելու իրավունքի սահմանափակման ժամկետը, ինչի արդյունքում նա կարող է մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, հայտնում են DW-ն և Reuters-ը։

Լե Պենը դատապարտվել էր այն գործով, որով նրան և «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչներին մեղադրում էին Եվրախորհրդարանի միջոցներով կուսակցական աշխատակիցների վարձատրության համար։ Գործը վերաբերում էր 2004-2016 թվականներին Եվրախորհրդարանի օգնականների համար հատկացված գումարների օգտագործմանը։

Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի մարտին Լե Պենին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական, և հինգ տարով զրկել էր ընտրվելու իրավունքից։ Այդ որոշումը վտանգի տակ էր դրել նրա մասնակցությունը 2027 թվականի նախագահական ընտրություններին։

Վերաքննիչ դատարանի նոր վճռով Լե Պենի նկատմամբ սահմանվել է երեք տարվա ազատազրկում, որից երկուսը՝ պայմանական։ Մնացած մեկ տարին նա պետք է կրի տնային կալանքի պայմաններում՝ էլեկտրոնային ապարանջանով։

Լե Պենը հերքում է մեղադրանքները։ Նա նախկինում հայտարարել էր, որ էլեկտրոնային ապարանջանով քարոզարշավ անցկացնելը գործնականում անհնար կլինի։ Եթե Լե Պենը չառաջադրվի, «Ազգային միավորում» կուսակցության նախագահի թեկնածու կարող է դառնալ կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան։