Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում

Հեղինակ MediaLab

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մեծ ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 10-ին, կյանքից հեռացավ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Կարեն Դերենիկի Վարդանյանը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 30-ին։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009 թվականին դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի՝ Քենեդու կառավարման դպրոցում: Նա 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է: 2019 թվականին՝ Կարեն Վարդանյանի ջանքերով Հայաստանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով WCIT 2019 ժամանակ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից արժանացավ «Նշանավոր անձ» մրցանակին՝ մարդկային կյանքի բարելավման գործում ունեցած ներդրման համար։

Կարեն Վարդանյանն Արցախյան շարժման առաջին օրերից զբաղվել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ։ 1988 թվականի հունիսին համախոհների հետ հիմնադրել Հայաստանի Սահմանադրական Իրավունք միությունը։ Մշտապես ընտրվել է Միության ղեկավար խորհրդի կազմում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու։

Բնատուր հատկանիշների շնորհիվ մեծ վստահություն է վայելել քաղաքական ու զինված պայքարի կազմակերպիչների շրջանում՝  Արթուր Մկրտչյան, Իգոր Մուրադյան, Մովսես Գորգիսյան,  Լեոնիդ Ազգալդյան, Աշոտ Նավասարդյան և ուրիշներ։

Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են կազմակերպվել ու իրականացվել Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի Անկախության Հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։

Կարեն Վարդանյանն ուներ ավելի քան 35 տարվա փորձ՝ ինչպես բիզնեսի զարգացման ու հանրային կառավարման,  այնպես էլ պետական կառավարման ոլորտում, և 2005 թվականից մինչ օրս Հայաստանի ամենամեծ բիզնես ասոցիացիայի՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենն էր։]

2012 թվականին հիմնադրել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս նախնական ինժեներական կրթություն են ստանում Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) և Ջավախքի շուրջ 15000 երեխաներ: «Իրական դպրոց» միջին մասնագիտական կրթական հաստատության հիմնադիրներից է:

Կարեն Վարդանյանն ուներ ավելի քան 25 տարվա փորձ միջազգային մասշտաբի միջոցառումների կազմակերպման գործում. Դիջիթեք էքսպո ամենամյա ցուցահանդես, Բիզնես ինովացիոն ֆորում, Դիջիթեք բիզնես ֆորումը, Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթ, Անօդաչու թռչող սարքերի մրցույթ, Open Game խաղերի նախագծման մրցույթ, ապրիլյան պատերազմից հետո մոբիլիզացիայի ծրագիր, զորացրվածների համար տեխնոլոգիական կրթության դասընթացեր՝ «Բանակից ՏՏ» և այլն։

Նա ներգրավված էր լայնածավալ նախագծերում, որոնք իրագործվում են գիտական, կրթական հաստատությունների, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, UNDP-ի, USAID-ի, OSI-ի, Եվրասիական հանձնաժողովի, տեղական և միջազգային ՀԿ-ների կողմից։ Այդ նախագծերը միտված էին նոր ստարտափերի և էկոհամակարգի ձևավորմանը, ինժեներական ծառայությունների  զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ծառայությունների և ռազմարդյունաբերության  առաջխաղացմանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր ցավակցությունն է հայտնում մեծ հայի, թանկագին ընկերոջ, սիրելի տնօրենի ընտանիքի անդամներին։

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: