Կորոնավիրուսը հնարավորություն տվեց Հայ դատը հետապնդել առցանց

Կորոնավիրուսային համավարակը խաթարեց ամբողջ աշխարհի հայության ավանդական ծրագրերը՝  ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ապրիլի 24-ին։  Այնուամենայնիվ, հայերը շատ արագ հայտնաբերեցին Ցեղասպանության ոգեկոչման նոր եղանակներ՝ փոխելով փողոցային բողոքներն ու մեծ հավաքներն առցանց երթերով և համացանցային ծրագրերով։

Ապագայում, երբ այս համավարակն ավարտվի, հայերը կարող են ի լրումն Ապրիլի 24-ի հանրային միջոցառումների օգտագործել որոշ համացանցային և տեսանյութային նոր մեթոդներ։

Այս տարի Ապրիլի 24-ին հայերը տարբեր երկրներում առցանց ծրագրեր իրականացրեցին՝ ավանդական փողոցային բողոքի ցույցերի և հիշատակի փակ միջոցառումների փոխարեն: Այսօր ես կանդրադառնամ այդ ծրագրերից մեկին՝ HyeID առցանց քայլարշավին:

HyeID-ն Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ստեղծվել է երեք տարի առաջ՝ պլանավորելու ապագա Սփյուռքի հայկական խորհրդարանը։ Այս տարի, HyeID խումբը կազմակերպեց առցանց ոգեկոչման արարողություն Ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում`սկսած ապրիլի 22-ից: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 341 հազար հայեր և որոշ օտարներ ամբողջ աշխարհից հաստատեցին հետևյալ ուղերձը April24.Hyeid.org կայքէջում․ «Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին։ Մենք Արդարություն ենք պահանջում 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար»։

Հրապարակումից հետո մի քանի ժամվա ընթացքում կայքէջը ենթարկվեց շարունակական և զանգվածային հարձակման Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որոնք փորձում էին կոտրել կայքը։ Բարեբախտաբար, HyeID- ի խորհրդի անդամ, ինժեներ-ծրագրավորող Արամ Տեր-Մարտիրոսյանը և նրա թիմն արագ արձագանքեցին՝ արգելափակելով հաքերային փորձերը: Նման կազմակերպված հաքերային հարձակումը կարող էր իրականացվել միայն Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից: Սա կոչվում է «Ծառայությունների ժխտման հարձակումներ» (DoS հարձակումներ), որը Վիքիպեդիան բնութագրում է որպես «կիբերհարձակում, որում հանցագործը փորձում է սարքավորումը կամ ցանցային ռեսուրսը դարձնել անհասանելի իր նախատեսված օգտվողների համար՝ համացանցին միացված հոսթինգի ժամանակավորապես կամ անորոշ ժամանակով խափանման միջոցով։ Ծառայության ժխտմանը, որպես կանոն, հասնում են թիրախավորված սարքավորումը կամ ռեսուրսը ավելորդ հարցումներով հեղեղելով՝ փորձելով համակարգերը ծանրաբեռնելու միջոցով կանխել որոշ կամ բոլոր օրինական պահանջների կատարումը»: Երկու օր ու գիշեր աշխատելով՝ Տեր-Մարտիրոսյանի աշխատակազմը կարողացավ արգելափակել Ապրիլի 24-ի կայքի վրա հարձակումների հեղեղը:

Եվս մեկ անհաջող խանգարող արարք դրսևորեց «Գուգլը», որն արգելափակեց Արամ Տեր-Մարտիրոսյանի և իր աշխատակազմի ստեղծած HyeID հավելվածը Google Play-ում։ Թուրք և ադրբեջանցի հաքերները, անհաջողության մատնվելով իրենց խափանիչ ջանքերում, հավանաբար բողոքել էին «Գուգլին»՝ Ապրիլի 24-ի ծրագրով աշխատող հավելվածը հանելու համար։ «Գուգլի» վատ արարքը զգալիորեն սահմանափակեց առցանց քայլարշավի մասնակիցների քանակը:

«Գուգլը» հետևյալ վիրավորական հաղորդագրությունն ուղարկեց Արամին․ «Մենք թույլ չենք տալիս այնպիսի ծրագրեր, որոնցում բացակայում է խելամիտ զգայունությունը բնական աղետի, վայրագության, բախման, մահվան կամ այլ ողբերգական իրադարձության նկատմամբ կամ դրանց շահարկումը»։ «Գուգլը» արգելափակեց նաև Արամի ConnectTo Communications, Inc. ընկերության «Գուգլի» հաշիվը՝ խափանելով և վնաս հասցնելով նրա բիզնեսին։ Արամը միանգամից բողոք ներկայացրեց «Գուգլին»՝ հայտնելով, որ Կալիֆորնիայի նահանգը, որտեղ գտնվում է «Գուգլի» գլխավոր գրասենյակը, և Միացյալ Նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ «Գուգլը» չի արձագանքել Արամի բողոքին։ Ես առաջարկում եմ, որ HyeID-ը կամ Արամը դատական ​​հայց ներկայացնեն «Գուգլին»՝ չեղյալ համարելու իր սխալ որոշումը հավելվածի վերաբերյալ:

HyeID խումբն իր Ապրիլի 24-ի հղումը տեղադրեց նաև Ֆեյսբուքում՝ ստանալով մեծ թվով արձագանքներ։ Այս առցանց քայլարշավը 198 երկրներից և տարածքներից հավաքեց 341 հազար մասնակիցների, այդ թվում՝ 310 հազար հայերի և 41 հազար այլազգիների։ Մեծ նվաճում էր, որ Apple Store-ը Ապրիլի 24-ի ծրագիրը դասակարգվեց որպես ամենամեծ 10 ներբեռնված հավելված iPhone-ների և iPad-երի համար ամբողջ աշխարհում:  

Բացի ամբողջ աշխարհում 41 հազար օտարների շրջանում Հայոց ցեղասպանության հանրայնացումից՝ այս ջանքերի հաջորդ արդյունքը եղավ այն, որ առաջին անգամ հայտնաբերեցինք, որ հայեր կան աշխարհի 198 երկրներում և տարածքներում։ 

HyeID խումբը հիացած էր, որ այդպիսի մեծ թվով հայեր և օտարներ մասնակցեցին Ապրիլի 24-ի առցանց քայլարշավին։ Թեև այս ցուցանիշը շատ ցածր է աշխարհում մոտավորապես 10 միլիոն հայերի թվաքանակի համեմատությամբ, սակայն HyeID խումբը զարմացավ, երբ պարզեց, որ հայերը ցրված են ամբողջ աշխարհի շուրջ 200 երկրներում։ Ահա որոշ երկրների և տարածքների մասնակիցների թվաքանակը.

Ռուսաստան՝ 121 415 հայ, 10 677 օտար․

Հայաստան՝ 54 065 հայ, 3 760 օտար․

ԱՄՆ՝ 50 390 հայ, 4 071 օտար․

Ֆրանսիա՝ 13 476 հայ, 1 797 օտար․

Վրաստան՝ 9 917 հայ, 1 049 օտար․

Լիբանան՝ 6 016 հայ, 828 օտար․

Կանադա՝ 5 598 հայ, 373 օտար․

Բելգիա՝ 4 565 հայ, 313 օտար․

Իրան՝ 4 440 հայ, 441 օտար.

Գերմանիա՝ 3 748 հայ, 522 օտար․

Արգենտինա՝ 3 547 հայ, 966 օտար․

Նիդեռլանդներ՝ 2 962 հայ, 230 օտար․

Ուկրաինա՝ 2 885 հայ, 416 օտար․

Իսպանիա՝ 2 473 հայ, 291 օտար․

Հունաստան՝ 1 747 հայ, 187 օտար․

Միացյալ Թագավորություն՝ 1 664 հայ, 266 օտար․

Ավստրիա՝ 1 223 հայ, 51 օտար․

Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1 174 հայ, 205 օտար․

Ավստրալիա՝ 1 012 հայ, 61 օտար․

Սիրիա՝ 1 010 հայ, 83 օտար․

Արցախ՝ 961 հայ, 177 օտար․

Կիպրոս՝ 872 հայ, 77 օտար․

Թուրքիա՝ 795 հայ, 410 օտար․

Լեհաստան՝ 651 հայ, 475 օտար․

Շվեյցարիա՝ 611 հայ, 156 օտար․

Եգիպտոս՝ 425 հայ, 85 օտար․

Ադրբեջան՝ 201 հայ, 99 օտար․

Նախիջևան՝ 100 հայ, 33 օտար ։ 

Հետաքրքիր է, որ մի բուռ հայ մասնակիցներ կան այնպիսի անսպասելի տեղերում, ինչպիսիք են Մոնղոլիան, Հյուսիսային Մարիանյան կղզիները, Ուեյք կղզին, Ինդոնեզիան, Ուոլիսը և Ֆուտունան, Ամերիկյան Սամոան, Ֆրանսիական Պոլինեզիան, Նոր Կալեդոնիան, Վանուատուն, Ֆիջին, Անտարկտիկան, Լիբիան, Ալժիրը, Մալին, Մադագասկարը, Մավրիկիոսը, Չադը, Տանզանիան, Կոնգոն, Նամիբիան, Զիմբաբվեն, Քենիան, Զամբիան, Մոզամբիկը, Տանզանիան, Հարավային Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Մալդիվները, Իսլանդիան և Գրենլանդիան:

Սեփական երկրում և քաղաքում առցանց քայլարշավի արդյունքները պարզելու համար, խնդրում եմ այցելել և դիտել www.HyeID.org-ի ինտերակտիվ զեկույցը։ Կարող եք նաև իմանալ ձեր շրջակայքի մասնակիցների թվաքանակը՝ ընտրելով հեռավորությունը ձեր շրջանից: Ինչպես ասում են՝ «Ամեն տեղ հայ կա»։

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր