Փաշինյանը Մակունցին դեսպան է նշանակում որպես իր հավատարիմ թիմակից, այլ ոչ թե դիվանագիտական հմտությունների համար. քաղաքագետ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները բուռն քննադատության ալիք են բարձրացրել: Լիլիթ Մակունցը այդ մասին տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր` նշելով, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում:

Հայաստանի ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության լայն շրջանակներ քննադատել էին նման որոշումը: Շրջանառվել էր նաև տեղեկություն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում բազմամյա փորձ ունեցող դիվանագետները ևս դժգոհ են նման որոշումից: 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Մեդիալաբի» հետ զրույցում չմեկնաբանեց այդ տեղեկությունները` ընդգծելով, որ իրենք ասեկոսեները չեն կարող մեկնաբանել:

ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակման մասին «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Արմեն Վարդանյանին:

– Պարո՛ն Վարդանյան, դուք հավանաբար տեղյակ եք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը: Երեկ նա հաստատել էր` նշելով, որ նման քննարկումներ ընթանում են: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հնարավոր նշանակումը, դա ճի՞շտ որոշում կարող է լինել:

– Կարծում եմ` բացարձակապես տեղին չէ նման որոշումը մի շարք պատճառներով. նախ` Մակունցը չունի դիվանագիտական աշխատանքի փորձ և նույնիսկ որպես քաղաքական գործիչ դեռևս կայացած չէ, լուրջ աշխարհաքաղաքական, դիվանագիտական գիտելիքներ նա չունի:

Ակնհայտ է, որ նրան այդ պաշտոնում ցանկանում են նշանակել միայն այն բանի համար, որ շատ մոտ է Նիկոլ Փաշինյանի հետ, նրա միակ արժանիքը դա է:

Այլ որակներ և արժանիքներ Հայաստանի համար չափազանց կարևոր, չափազանց մեծ նշանակություն ունեցող ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու համար նա պարզապես չունի:

– Նայեք` Վրաստանում գործող դեսպան Ռուբեն Սադոյանը ևս դիվանագետ չէր, Կենտրոնի թաղապետը և այն ժամանակ իշխող կուսակցության անդամը: Բայց նա նշանակվեց դեսպան: Այսինքն` նախկինում էլ է նման փորձ եղել, և կարծես զարմանալի չպետք է լինի այս երևույթը:

– Այո՛, կարծում եմ` քննադատությունների տեղատարափ չէր լինի, եթե նրան ԱՄՆ-ում չնշանակեին որպես դեսպան:

Այս պաշտոնում մեր ամենաուժեղ, ամենակայացած դիվանագետներից մեկը պետք է նշանակվի, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունները այսօր վերարժևորման, վերագնահատման կարիք ունեն, մանավանդ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել իշխանության:

Իսկ Բայդենի վարչակազմը իր առաջնահերթությունն է համարում գլոբալ իմաստով ԱՄՆ-ի լիդերության վերականգնումը: Մենք գիտենք, որ Թրամփի օրոք մեկուսացման քաղաքականություն էր վարվում, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ մի շարք տարածաշրջաններից` Հարավային Կովկասից, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից:

Բայց այժմ Բայդենը ցանկանում է վերականգնել ԱՄՆ-ի սասանված դիրքերը և հեղինակությունը այդ տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում:

Այնպես որ, ստեղծված պայմաններում հայ-ամերիկյան հարաբերությունները փորձադաշտ չեն, որ պատահական նշանակենք Լիլիթ Մակունցին և տեսնենք` ի՛նչ կլինի: Այստեղ պետք է մեր ամենալավ դիվանագետը գնա դեսպան:

Եվ, վերջապես, շատ զարմանալի է, որ Հայաստանն արդեն երկու տարի է` դեսպան չունի Միացյալ Թագավորությունում: Լիլիթ Մակունցը, որքան գիտեմ, հայ-բրիտանական պատգամավորական խմբի մեջ էլ է ընդգրկված, միգուցե նրան հենց Մեծ Բրիտանիա ուղարկեն:

Թեպետ Մեծ Բրիտանիան էլ կարևոր նշանակության երկիր է: Ամեն դեպքում, կրկնում եմ՝ Հայաստանը պետք է ԱՄՆ-ում իր ամենալավ պատրաստված դիվանագետին նշանակի:

Ինչ վերաբերում է Ռուբեն Սադոյանին, եթե չեմ սխալվում, նա Վրաստանում ուներ գործնական կապեր, այդ թվում` գործարար կապեր բիզնես էլիտաների հետ:

Իսկ Լիլիթ Մակունցի դեպքում ես նույնիսկ չգիտեմ` ո՛ւմ է նա ճանաչում, ասենք՝ Բայդենի վարչակազմից, ինչպիսի՛ կապեր ունի: Ես վստահ եմ, որ նա մեծ կապեր չունի, լավագույն դեպքում մի քանի անգամ շփվել է ամերիկացի սենատորների հետ:

– Ինչո՞ւ այդուհանդերձ անհրաժեշտություն առաջացավ փոխել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, կարծում եք կարիք կա՞ր փոփոխության: Մենք տեսանք, որ Հայաստանի դիվանագիտությանը չհաջողվեց աշխատել Թրամփի վարչակազմի հետ, հնարավո՞ր է դա էր պատճառը:

– Այո՛, հենց դա էի ուզում ասել: Ըստ էության, Թրամփի իշխանության օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները անկում են գրանցել, որևէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել երկու երկրների հարաբերություններում, նույնիսկ Հայաստանի ղեկավարը չկարողացավ ընդունելության արժանանալ ԱՄՆ նախագահի կողմից` պաշտոնական այց կատարել ԱՄՆ և այլն:

Հայ-ամերիկյան հարաբերությունները ընդհանրապես պատմական ամենացածր մակարդակի վրա են գտնվում: Կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ:

Միգուցե այդ պատճառների մեծ մասը օբյեկտիվ է, որովհետև, ինչպես ասացի, Թրամփը ընդհանրապես, բացի Իսրայելից ու մի շարք այլ երկրներից, մնացած բոլորի հետ հարաբերությունները վատացրել էր, այդ թվում` իր ավանդական դաշնակից Եվրոպական միության հետ:

Հավանաբար սրանք են եղել պատճառները, որ Հայաստանի իշխանությունը որոշել է փոխել գործող դեսպան Վարուժան Ներսիսյանին և նրան փոխարինել Լիլիթ Մակունցով: 

– Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, թե Նիկոլ Փաշինյանը այս նշանակումով փորձում է իր մերձավորներին հեռացնել երկրից` պատժից պաշտպանելու համար: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ն հիմքեր նման պնդումների համար:

– Կարծում եմ` նման հայտարարությունների համար պարզապես հիմքեր չկան: Հայաստանում եթե իշխանափոխություն լինի, Լիլիթ Մակունցը պարզապես հետ կկանչվի դեսպանի պաշտոնից:

Եվ եթե նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի, նա կկանգնի դատարանի առաջ: Կարծում եմ` նման հայտարարությունները այդքան էլ լուրջ չեն: Բացի այդ, այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը քրեական հանցագործություն է արել, նա եղել է պատգամավոր, ու նրա արարքներում քրեական հանցակազմ չի կարող լինել: Այդ վարկածը թույլ է ու անլուրջ:

Իմ խորին համոզմամբ՝ նման փոփոխության պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը դժգոհ է մնացել գործող դեսպանի աշխատանքից, հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին 2-3 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել, որևէ լուրջ փոփոխություն չենք նկատել:

Բայդենի գալուստը նոր հեռանկարներ է բացում մեզ համար, և Հայաստանի իշխանությունը փորձում է փոխել իր դեսպանին: 

Նաև մեկ այլ խնդիր կա` Նիկոլ Փաշինյանը կասկածամտություն ունի իր մեջ, շատերին չի վստահում և ուզում է գոնե այդ շատ կարևոր պաշտոնում իր մերձավոր դաշնակիցներից, թիմակիցներից մեկին նշանակել:

Հավանաբար կասկածներ ունի Վարուժան Ներսիսյանի գործունեության նկատմամբ ու մտածում է` դեսպանը դիտավորյալ լավ չի աշխատել, ինֆորմացիոն արտահոսքեր է կազմակերպում այլոց համար:

Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց ակնհայտ է, որ Լիլիթ Մակունցին նշանակում է որպես իր հավատարիմ թիմակից, այլ ոչ թե նրա ունեցած շատ մեծ դիվանագիտական հմտությունների համար:

– Կար տեսակետ նաև, որ Ռուսաստանի միջամտությունը կա նման որոշման հիմքում. այդպիսի նշանակումով ստորադասվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

– Այո՛, նման վարկած էլ կա, դա էլ լուրջ չեմ համարում: Եթե այդպիսի նպատակ լիներ, միգուցե ավելի օդիոզ կերպարի նշանակեին դեսպանի պաշտոնում:

Մակունցը ռուսական գծի մեջ չէ և ռուսամետ էլ չէ: Ես վստահ եմ, որ նա դիտավորյալ չի տորպեդահարելու հայ-ամերիկյան հարաբերությունները: Ամեն ինչ անելու է, որ լավ լինի:

Եվ նույնիսկ նրա հայրենասիրությանը չեմ կասկածում: Միակ խնդիրը, որ տեսնում եմ նրա մոտ, դիվանագիտական աշխատանքի, դիվանագիտական հմտությունների պակասն է: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am