«Ջհանգիրյանը պետք է ինքնակամ հեռանա, եթե չէ՝ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որ նա հեռանա». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Տիկի՛ն Ալեքսանյան, կասեցված լիազորություններով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը, որում իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի զրույցն է, համակարգային ի՞նչ խնդիրների մասին է վկայում:

– Նախ նշեմ, որ շատ վատ է, երբ հանրությունը տեղեկանում է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ բառապաշարի են տիրապետում: Դա շատ հիասթափեցնող է, դա բարոյական կերպարի, հեղինակության, մարդու վարքագծի մասին է խոսում ու խոր անվստահություն առաջացնում տվյալ անձի նկատմամբ:

Գիտենք, որ Գագիկ Ջհանգիրյանը այնպիսի մի կենսագրություն չուներ, որ հիմա մենք պետք է այդ ձայնագրությամբ եզրահանգումներ անեինք: Ինչպե՞ս վստահել այս մարդուն դատական բարձրագույն պաշտոնը, որը շատ կարևոր հարցերով որոշումներ պետք է կայացնի: Մենք տեսնում ենք, որ նա հնարավորություններ ունի մանևրելու, հարցերը ըստ ցանկության լուծելու և ոչ թե՝ օրենքով առաջնորդվելով, իր հնարավորությունների մասին էր, չէ՞, խոսում այդ ձայնագրության մեջ: Դատական համակարգում նրա ներկայությունն ամբողջությամբ կասկածի տակ է դնում համակարգի նկատմամբ վստահությունը: Նա ինքնակամ պետք է հեռանա այդ համակարգից:

Ասում եք, որ Ջհանգիրյանի կենսագրությունը հայտնի էր, իսկ երբ իշխող ուժը նրան առաջադրեց Վարդազարյանին փոխարինող, տեղյակ չէ՞ր այդ կենսագրությանը:

– Վստահ եմ, որ ծանոթ էին, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր՝ ով է Ջհանգիրյանը: Աղմկահարույց գործեր կան, որոնցում Ջհանգիրյանն իր մասնակցությունն է ունեցել. հայտնի Մատաղիսի գործով երեք անմեղ տղաներ էին դատապարտվել ցմահ ազատազրկման, որոնց իհարկե հաջողվեց ազատել, բայց մինչև հիմա Ջհանգիրյանն ասում է, թե ինքը ճիշտ էր:

Ջհանգիրյանի մեղադրանքներով զինվորական գործերով ցմահ ազատազրկվածների մեջ կան անմեղ դատապարտվածներ: Իր կարողությունների մասին, որ լսում ենք այդ ձայնագրության մեջ, ասեմ, որ, այո՛, ինչ կարողացել է՝ արել է: Իր գիտելիքները, չեմ ժխտում, հնարավոր է և ունի, չի ծառայեցրել մարդկանց ու Հայաստանի շահերին:

– Այդ դեպքում ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը, որը խոսում էր վեթինգից, արդարադատության համակարգը բարեփոխելուց, նման նշանակում արեց:

– Երևի հույս ուներ, թե Ջհանգիրյանը կփոխվի ու կծառայի արդարադատությանը, կամ մտածում էր, որ իրենց էլ պետք կգան Ջհանգիրյանի մանևրելու այդ ընդունակությունները:

 – Արդարադատության նախարարությունը, իշխող թիմը չեն հերքում, որ իրենք հաստատակամ են համակարգում բարեփոխումներ անելու հարցում: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ կարծում եք՝ գործող իշխանությունը կկարողանա՞ իսկապես բարեփոխումներ անել, տիկի՛ն Ալեքսանյան:

– Հավատում եմ արդարադատության նախարարի, իր թիմի պատրաստակամությանը, բայց ես նայում եմ, թե ինչ խոչընդոտներ կան: Հայտնի է, որ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորած ԲԴԽ-ն վերադարձնում է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները, այդ դեպքում ո՞նց պետք է աշխատի արդարադատության նախարարը: Մյուս խոչընդոտը դատախազությունն է, այսինքն՝ մեկ համակարգով բարեփոխում չի լինի, բոլորը պետք է աշխատեն:

Չորս տարվա ընթացքում հեղափոխական թիմը չէ՞ր կարող այդ խոչընդոտները վերացնել:

 – Նրանք ոչինչ չեն արել, որ մենք տեսնենք, թե իրենք ինչ-որ բան փոխելու ցանկություն ունեն, ամեն ինչը կիսատ-պռատ են անում: Կարող էր, բայց չի արել ու չի անում, թե ինչու չի անում՝ կդժվարանամ ասել: Տեսնում ենք նախկինների ձեռագրի շարունակություն, համագործակցություն:

Եթե Գագիկ Ջհանգիրյանն ինքնակամ չհրաժարվի, քանի որ ասում եք՝ պետք է հեռանա, իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, ի՞նչ պետք է անի:

– Պետք է ամեն ինչ անի, որ նա հեռանա այդ պաշտոնից: Ես չգիտեմ իրավական մեխանիզմները, բայց գիտեմ, որ Ջհանգիրյանն այլևս չպետք է աշխատի այդտեղ: Այսպես թե այնպես, նա չպետք է այդտեղ լիներ, բայց ձայնագրությունից հետո՝ առավելևս: Կարծիքներ եմ նաև լսում, որ ԲԴԽ-ում կոռուպցիոն ռիսկեր էլ կան, կամայական որոշումների մասին էլ մտահոգություններ կան: ԲԴԽ-ն պետք է գլխավորի այնպիսի մարդ, որ մարդիկ վստահություն ունենան այդ կառույցի նկատմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am