ԱՄՆ-ը մտահոգված է Արցախում քրիստոնեական օբյեկտների ճակատագրով. Factor

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական օբյեկտների ճակատագրով՝ ԼՂ-ի՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վաշինգտոնն Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք վերահսկողություն են պահանջում կրոնական ազատության հնարավոր խախտումների հետ կապված: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել է Պետքարտուղարության կողմից կրոնական ազատությունը խախտող երկրների ցանկի թարմացված տարբերակը։ Այն ներառում է 12 պետություն՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Մյանմարը, Նիկարագուան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Չինաստանը։ Ադրբեջանն այժմ հսկողության տակ է՝ որպես սև ցուցակում ընդգրկվելու թեկնածու երկիր։

Վերահսկվող կատեգորիայից սև ցուցակում հայտնվելը ենթադրում է պատժամիջոցների սպառնալիք, եթե բարելավումներ չլինեն։ Ադրբեջանն ընդգրկելով կրոնական ազատությունները խախտող երկրների ցուցակում՝ Պետքարտուղարությունը հետևել է Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի առաջարկությանը, որը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի ճակատագրի հետ կապված՝ սեպտեմբերին ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, ինչի հետևանքով Արցախի հայերը բռնի տեղահանվել են։

Հանձնաժողովի փորձագետները նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանում գործող կանոնակարգերի առնչությամբ, որոնք պահանջում են ցանկացած կրոնական խմբերի գրանցում և նրանց գրականության հաստատում պաշտոնական մարմինների կողմից։