Եթե Արմեն Աշոտյանը լռեր, այս կալանքը չէր լինի, ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար վտանգ է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Կարծիքներ հնչեցին, որ քաղաքական հետապնդում է, դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ես Աշոտյանին քաղկալանավոր եմ համարում, ու այստեղ խնդիրը գործի բնույթը չէ, այդ դաշտ չեմ էլ ուզում մտնել։ Ինձ համար ակնհայտ է, որ նրան ազատազրկելու համար կեղծ պատրվակ գտան, իսկ մեղադրանքին ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև ազատազրկման անհրաժեշտություն ակնհայտորեն չկար։ 

Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն դետեկտիվ ֆիլմ հիշեցնող մի բան էր տարածել, որն ընդհանրապես համոզիչ չդարձրեց այն, թե ինչով էր Աշոտյանն ազատության մեջ խանգարում քննությանը, մեղադրանքի մասով էլ այդ տեսանյութը միայն հարցեր առաջացրեց ու ավելի խորացրեց իմ կասկածները։ 

Ինձ համար շատ պարզ է, որ ինչպես հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունները, հիմա էլ՝ գործողները, քաղաքական ռեպրեսիաներով անհրաժեշտ պահին իրենց ընդդիմախոսների բերանը փակելու խնդիր են լուծում։ 

– Կարծում եք, որ եթե Արմեն Աշոտյանը հրապարակային ելույթներ չունենար կամ քիչ ունենար, այս կալանավորումը չէ՞ր լինի։

– Իհարկե, Արմեն Աշոտյանը նախկին համակարգի կոռումպացված դեմք չէ, դա բոլորն էլ գիտեն, նա քաղաքական դեմք է, այսինքն՝ կոռուպցիայի հետ հաստատ նրա ազգանունը հոմանիշ չէ։ Համեմատեք՝ հիմա նախկին համակարգի կոռումպացված ինչքան դեմքեր են ազատության մեջ ման գալիս, որովհետև նրանք ունեն քաղաքական զրո ակտիվություն, նրանց մի մասն իշխանության հետ նույնիսկ առնչություններ ունի, օրինակ՝ «Ջերմուկ գրուպի» Արսենյաններին հիշենք, որ ոչ միայն չեն դատապարտվում, այլև հաջողությամբ ինտեգրվել են ՔՊ-ին ու շատ ցածր գներով համապատասխան թաղամասում բնակարաններ են տալիս քաղաքական գործիչներին։ 

Նախկին իշխանության այն մասը, որ կոռումպացված չեն ու քաղաքական դեմքեր են, թիրախավորվում են ու պարտադիր չէ՝ միայն ազատազրկման ձևով, կարող է մարդը ատելության քարոզչության զոհ դառնալ։ Այսինքն՝ կարևորն այստեղ երևույթն է, ինչպես առաջ էր քաղաքական ռեպրեսիան ընտրողաբար կիրառվում ակտիվ ընդդիմադիրների նկատմամբ, այնպես էլ հիմա է։ Ես՝ որպես նախկին քաղկալանավոր, ձեռագրերի միջև որևէ տարբերություն չեմ տեսնում, եթե կա թիրախը, միշտ կարելի է գտնել ինչ-որ բան ու սահմանափակել նրա ազատությունը։

– Իսկ Արմեն Աշոտյանի հայտարարությունները իշխանության համար վտանգավո՞ր էին, որ այս փուլում նրան կալանավորեցին։

– Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար վտանգավոր է։ Այսօր որևէ մեկը չունի այն ռեսուրսը, որ քաղաքական ու հասարակական մեծ կոնսոլիդացիա ապահովի, բայց ցանկացած մտածող մարդ, խոսք, կարծիք իշխանության համար վտանգավոր են, որովհետև նրանց ամբողջ քաղաքականությունը մանիպուլյացիայի վրա է կառուցվում, իսկ երբ մտածող մարդիկ դրան հակադարձում են հրապարակային դաշտում, իշխանության համար դա բազմաթիվ տհաճություններ է առաջացնում, մանավանդ որ իրենք անհրաժեշտ ինտելեկտուալ պոտենցիալ չունեն մեզ պես մարդկանց հակազդելու։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե կարծում եք, որ լռեցնելու միտում ունի այս գործընթացը, այդ դեպքում արդյոք իշխանությանը կհաջողվի՞ չեզոքացնել իրեն սպառնացող վտանգները։

– Այս ռեպրեսիաներով ժամանակավորապես «կայունություն» կապահովվի, բայց ժամանակավոր, որովհետև իշխանությունը պահպանվում է միջազգային կոնսենսուսի շնորհիվ։ Իշխանությունը տապալվելու է, երբ միջազգային կոնսենսուսում ճաքեր առաջանան, իսկ դրանք առաջանալու են, որովհետև ի վերջո մեր իշխանության օրակարգ չունենալու քաղաքականությունը չի կարող երկար ձգվել, որովհետև Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը մանևրի հնարավորություն չի թողնելու։ 

Սուտ է թեզը, որ 2021-ին հասարակությունը վերընտրեց Փաշինյանի իշխանությանը, հասարակությունը դեմ քվեարկեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, բայց հասարակություն չէր էլ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը պահպանվեց, որովհետև կար միջազգային կոնսենսուս, այսինքն՝ Ռուսաստանն ու արևմտյան դերակատարները տարբեր պատճառներով այս իշխանության պահպանումն ուզում էին։ Ձեզ հետ նախկին զրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ մյուս տարվա սկզբին Հայաստանը տոտալ քաղաքական ճգնաժամի առաջ է կանգնելու, և իշխանությունը փլուզվելու է հենց այն պատճառով, որ իր շուրջը միջազգային կոնսենսուսը քանդվելու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am