Գրիգոր Երիցյանը վայր է դնում ավագանու անդամի իր լիազորությունները

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վայր է դնում լիազորությունները։

«Սիրելի երևանցիներ,

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում: Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»: