Կադաստրի պետական կոմիտեն նոր նախագահ ունի

Կադաստրի պետական կոմիտեն նոր նախագահ ունի
Կադաստրի պետական կոմիտեն նոր նախագահ ունի

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:

«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ: Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում և օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի և իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը և նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում: 

Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին: 
«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

 © Medialab.am