ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում:

Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանի կողմից «սահմանափակ քայլեր» են արվել Գնահատման չորրորդ փուլի զեկույցում ներկայացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ըստ եզրակացության՝ չորրորդ փուլի զեկույցի 18 հանձնարարականներից 7-ի կատարումը ԳՐԵԿՈ-ն գոհացուցիչ է գնահատում:

Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցը հաստատվել է ԳՐԵԿՈ-ի 69-րդ լիագումար նիստում (2015 թ. հոկտեմբերի 16) և հրապարակվել է 2016 թ. փետրվարի 25-ին՝ Հայաստանի կողմից վավերացվելուց հետո: Չորրորդ փուլի Համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017 թ. դեկտեմբերի 21-ին, իսկ Համապատասխանության երկրորդ զեկույցը՝ 2019 թ. դեկտեմբերի 12-ին:

2021 թ. մարտի 31-ին Հայաստանի իշխանությունները իրավիճակի հաշվետվություն է ներկայացրել չկատարված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, և այդ տեղեկությունը հիմք է դարձել ընթացիկ՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը կազմելու համար:

Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել հակակոռուպցիոն քաղաքականության ազգային թերությունները` իրականացնելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումներ: Ներկայում ԳՐԵԿՈ-ին անդամակցում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություն, ինչպես նաև Բելառուսը, Ղազախստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները: