«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, ի՞նչ տվեց այն Հայաստանին:
– Չափազանց արդյունավետ այց էր, կարելի է ասել այց էր, որն էականորեն փոխում է Հայաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունների բնույթը ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն համապարփակ ռազմավարական գործընկերության են հասնում, այլ նաև այն պատճառով, որ նախադեպ է ստեղծվում, որ ԱՄՆ ներկայացուցիչը կարող է գալ Հայաստան ու ռազմավարական փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ:
Նախկինում Հայաստանն ու ԱՄՆ-ն նման բնույթի, նման մակարդակի փաստաթղթեր են ստորագրել բացառապես ԱՄՆ-ում՝ հայ պաշտոնյաների այցերի ընթացքում: Սա մի իրավիճակ է, երբ փաստացի ԱՄՆ ըստ կարգի երրորդ պաշտոնյան, իսկ արտաքին քաղաքականության գծով՝ երկրորդ պաշտոնյան, Հայաստան է գալիս այդ երկրի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման փաստաթուղթ ստորագրելու, էլ չեմ ասում, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն վերջնականացրել են TRIPP-ի վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, ինչը շատ բարդ աշխատանք է:
Բացի այս՝ Հայաստանն ու Նահանգները նոր ոլորտ են բացում կարևորագույն մետաղների ոլորտում համագործակցության առումով, մենք գիտենք, որ Սյունիքը հարուստ է բավականին շատ հանածոներով, ու ես ենթադրում եմ, որ համագործակցություն կարող է լինել նաև այս ուղղությամբ, ու վերջապես մենք կկարողանանք ազատվել Հայաստանի ընդերքը՝ Ռուսաստանի կողմից անհատույց թալանելու պրակտիկայից ու հուսալ, որ քաղաքակիրթ երկրի հետ համագործակցության արդյունքում Հայաստանն իր արդար մասնաբաժինը կունենա հազվագյուտ մետաղների ու ընդհանրապես հանածոների ոլորտում:
– Այս այցից հետո ներհայաստանյան մի խումբ նշում է, որ «այս այցով ևս մեկ անգամ փակվեց միջանցք տալու թեման», մի խումբն էլ՝ ընդհակառակը:
– «Միջանցքի» մասին խոսակցությունները 2025-ի օգոստոսի 8-ին են փակվել, այնպես որ ևս մեկ անգամ փակելու անհրաժեշտություն չկա: Այս այցն ընդամենը TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, Հայաստանը միջանցիկ երկիր դարձնելու ու Հայաստանին մեծ ֆինանսական ու աշխարհաքաղաքական օգուտներ բերելու հարցում կարևորագույն միջանկյալ փուլ էր:
– Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրվի վերջնական պայմանագիրը TRIPP-ի վերաբերյալ, ձեր գնահատմամբ, դա ե՞րբ կլինի:
– Իմ կարծիքով, թեև արտգործնախարարն այդ մասին չնշեց, կարծում եմ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չի ստորագրվել այն պատճառով միայն, որ Հայաստանում ընտրություններ են սպասվում, իսկ ԱՄՆ-ն չի ցանկանում ռիսկի դիմել ու ստորագրել փաստաթուղթ, որը տեսականորեն, ինչն անհավանական է, բայց կարող է կասկածի տակ դրվել, եթե, օրինակ, Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժ գա իշխանության: Հավանաբար ընտրություններից շատ կարճ ժամանակ անց, երբ նոր կառավարությունը ձևավորվի, TRIPP-ի միջպետական պայմանագիրն արդեն կստորագրվի:
– Պարո՛ն Ղևոնդյան, ընդդիմադիր հատվածը նշում է, որ այս այցով Ռուբիոն իր աջակցությունն էր հայտնում գործող իշխանությանը ընտրություններին, որ սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:
– Աջակցություն համարում եմ, միջամտություն համարել չեմ կարող: Նույնիսկ եթե Ռուբիոն հայտարարեր, որ աջակցում է Փաշինյանի իշխանությանը, սա ևս միջամտություն չէր լինի, որովհետև միջամտությունը անթիվ-անհամար կեղծ էջեր բացելու միջոցով Հայաստանի ժողովրդին տեռորի ենթարկելն է, սեփական քաղաքական պարազիտներին ուղարկելն ու Հայաստանի քաղաքական դաշտը տորպեդահարելն է, միջամտություն է Հայաստանի արտադրատեսակների մեջ ինչ-որ մտացածին թունավոր նյութեր գտնելը և նմանատիպ այլ գործողությունները:
Երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ ցանկանում է Հայաստանում այս կամ այն ուժին տեսնել իշխանության, անկախ նրանից, թե այդ մեկը ո՛ր երկրում է նստած, դա միջամտություն չէ, այլ՝ ցանկություն: Այս դեպքում Ռուբիոն նման հայտարարություն էլ չի արել, եկել փաստաթղթեր է ստորագրել ու գնացել, հետևաբար սա միջատություն լինել չի կարող, բայց աջակցություն է միանշանակ, որովհետև Ռուբիոն կարող էր գալ ոչ թե հիմա, այլ, օրինակ՝ հունիսի 15-ին, բայց ինչու չգալ հիմա ու չստորագրել այդ փաստաթղթերն ու չաջակցել այն քաղաքական ուժին, որի հաղթանակը նրանց ավելի ձեռնտու է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















