Արցախում կտրոնով ապրանքների ցանկն ընդլայնվել է

Արցախի պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող և կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Քաղաքացիները կտրոններ կստանան փետրվարի 18-ից և գնումներ կարող են կատարել փետրվարի 21-ից:

«Լվացքի փոշին կտրամադրվի մեկ ամսվա կտրվածքով մեկ տուփ, 10 ձու՝ մեկ ամսվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 22-ը, բանջարեղենը 15 օրվա կտրվածքով՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 7-ը՝ 3 կիլոգրամական, միրգը՝ 2 կիլոգրամ, փետրվարի 21-ից մինչև մարտի 3-ը»,-ասել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գոհար Պողոսյանը:

Կտրոնների տրամադրման գործընթացը կկազմակերպվի նախկինի պես՝ ինչպես շրջաններում, այնպես էլ Ստեփանակերտում: Մայրաքաղաքում 19-ի փոխարեն կգործի 18 սպասարկման կետ:

Ձեթի, ձավարեղենի, մակարոնի և շաքարավազի՝ կտրոններով վաճառքի գործընթացը կպահպանվի՝ միայն թե կեսական կիլոգրամի փոխարեն ամսվա կտրվածքով քաղաքացուն կհատկացվի մեկական կիլոգրամ:

Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցողներն ու օտարերկրյա քաղաքացիները կտրոն ստանալու համար պետք է ներկայանան բնակարանային հարցերի կոմիտեի շենքում գործող սպասարկման կետ: