Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել քննիչի կատարած խախտումների հետևանքով. «Փաստինֆո»

Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել քննիչի կատարած խախտումների հետևանքով. «Փաստինֆո»
Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել քննիչի կատարած խախտումների հետևանքով. «Փաստինֆո»

«Պարզել, թե դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրություն դրած անձը իրավունք ունե՞ր լինելու ընթերակա, թե՝ ոչ, հնարավոր չէ»,- նման կարծիք «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ քննչական գործողությանը մասնակցած երկրորդ ընթերակայի ինքնությունը մինչ օրս չի հաջողվում պարզել: Հիշեցնենք` 2013թ. հոկտեմբերի 20-ին, վթարից անմիջապես հետո դեպքի վայրի զննությանը մասնակցած, ապա արձանագրության տակ […]

«Պարզել, թե դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրություն դրած անձը իրավունք ունե՞ր լինելու ընթերակա, թե՝ ոչ, հնարավոր չէ»,- նման կարծիք «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ քննչական գործողությանը մասնակցած երկրորդ ընթերակայի ինքնությունը մինչ օրս չի հաջողվում պարզել:

Հիշեցնենք` 2013թ. հոկտեմբերի 20-ին, վթարից անմիջապես հետո դեպքի վայրի զննությանը մասնակցած, ապա արձանագրության տակ ստորագրած ընթերակա, Զորավան գյուղի բնակիչ Վազգեն Գարեգինի Կարապետյանի տվյալներով անձ ՀՀ-ում ուղղակի չկա:

Դեռևս դատավարության մեկնարկին Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ինքը հարցում է կատարել անձնագրերի եւ վիզաների վարչություն, որտեղից իրեն հայտնել են, որ նման անուն-ազգանունով անձ ՀՀ-ում հաշվառված չէ: Նույն պատասխանն է ստացվել նաև Զորավանի գյուղապետարանից: Ուստի այս ընթերակային դատարան հրավիրել անհնար է: Իսկ արձանագրության տակ ստորագրած երկրորդ ընթերական` Վռամ Վարդանյանը, դատարանում ցուցմունք տվեց, որ չի մասնակցել քննչական գործողությանը, այլ միայն ստորագրել է արձանագրության տակ:

Բացի նշվածներից, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, դեպքի վայրի զննության ժամանակ քննիչը այլ խախտումներ էլ է թույլ տվել: Օրինակ`«չի արձանագրել Վարդան Պետրոսյանին պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի անիվների կողմից թողնված հետքերը, որոնց արձանագրման դեպքում կհիմնավորվեր, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում,- նշում է փաստաբանն ու հավելում,- այս փաստը հիմնավորվում է գործին կցված և որպես ապացույց ճանաչված Գագիկ Շամշյանի կողմից տրամադրված լուսանկարներով»:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քննիչը չի արձանագրել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենայի ամբողջական հետքերը: Փոխարենը` «արձանագրվել են հետքեր, որոնք գոյություն չեն ունեցել»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի փաստաբանը վստահ է, որ դեպքի վայրի զննության արձանագրությունում առկա այս և մի շարք այլ մանր ու մեծ խախտումները բավական են, որպեսզի այս ապացույցն անթույլատրելի համարվի և այդ հիմքով Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

Իսկ գործով մեղադրող դատախազ, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանն այս փաստերը խախտում չի համարում, քանի որ, նրա խոսքով, նման դեպքեր լինում են, երբ ընթերակաները սխալ անուն-ազգանունով են ներկայանում:

«Հետագա դատական քաշքշուկներից խուսափելու համար մարդիկ խուսափում են իրենց անունը գրել»,- ի պատասխան ընթերակային չհայտնաբերելու մասին մեր հարցին՝ ասաց դատախազը, բայց և միաժամանակ համոզմունք հայտնեց, որ երկրորդ ընթերակա միանշանակ եղել է:

Ինչ վերաբերում է առանց անձը հաստատող փաստաթղթի ընթերակայի անձնական տվյալները գրանցելու փաստին, Արթուր Սարգսյանը քննիչի՝ նման գործելակերպը մեկնաբանեց ուշ ժամով:

«Այդ ժամին փողոցում անձնագրով մարդ դժվար կլիներ գտնել»,- ասաց մեղադրող դատախազը:

Ինչևէ, ինչ կորոշի դատարանը այս ապացույցի թույլատրելի լինելու մասին, թերևս պարզ կդառնա ապագայում, երբ Նիկոլայ Բաղդասարյանը նման միջնորդությամբ հանդես կգա և դատարանն էլ դրա վերաբերյալ որոշում կկայացնի: