«Ինձ համար խնդրահարույց է, որ Թովմասյանի դուստրերը կանչվում են ԱԱԾ, խնդրահարույց է նաեւ ԱԱԾ դերի նմանատիպ բարձրացումը»․ Իրավապաշտպան

«Ինձ համար խնդրահարույց է, որ Թովմասյանի դուստրերը կանչվում են ԱԱԾ, խնդրահարույց է նաեւ ԱԱԾ դերի նմանատիպ բարձրացումը»․ Իրավապաշտպան
«Ինձ համար խնդրահարույց է, որ Թովմասյանի դուստրերը կանչվում են ԱԱԾ, խնդրահարույց է նաեւ ԱԱԾ դերի նմանատիպ բարձրացումը»․ Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, նրա ընտանիքին ԱԱԾ հարցաքննության կանչելու գործընթացը հետապնդման տարրեր պարունակո՞ւմ են։ Վերջին օրերին շատ է քննարկվում հարցը, որ իշխանությունները փորձում են իրավապահների միջոցով ճնշումներ գործել Հրայր Թովմասյանի վրա, որպեսզի նա հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից։

– Իրականում ինձ համար շատ կարևոր են մեթոդները, թե ինչպես է կատարվում ցանկացած բացահայտում կամ ցանկացած իրավունքի խախտման վերաբերյալ արդարության ձգտման վերահաստատում։ Այս դեպքում, իհարկե, ինձ համար խնդրահարույց է, որ առանց քրեական գործ հարուցելու կամ առանց նյութերի նախապատրաստման վերաբերյալ անձամբ տեղյակ պահվելու, ԱԱԾ-ն այցելում է Հրայր Թովմասյանի առանձնատուն, կամ Թովմասյանի դուստրերը կանչվում են ազգային անվտանգության ծառայություն։

Ինձ համար նաև խնդրահարույց է ԱԱԾ դերի նմանատիպ բարձրացումը, որովհետև նմանօրինակ նյութերի պատրաստումը շատ հաճախ իրականացվում էր թե՛ հատուկ քննչական ծառայության, թե՛ քննչական կոմիտեի ու ոստիկանության միջոցով։ Այսինքն՝ նմանատիպ հարցը դարձնել ազգային անվտանգության խնդիր և ընտանիքի անդամներին կանչել ԱԱԾ, մի փոքր հիշեցնում է խորհրդային տարիների պրակտիկան, ինչն ինձ համար այնքան էլ հաճելի ու ցանկալի չէ։

Կարծում եմ՝ ժամանակին բոլոր իրավապաշտպանների հետ նման դեպքեր եղել են, ԱԱԾ-ի հետ որոշակի շփումներ են եղել, բայց դրանք բացառապես վերաբերել են միջազգային կապերին։ Օրինակ՝ այն դեպքում, երբ այց է կատարվել հարևան երկիր, կամ որոշակի շփումներ են եղել հարևան երկրի որոշ կառույցների հետ։

Խոսքը երկրի մասին է, որը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, և ազգային անվտանգության խնդիր է, որ հատուկ ծառայությունները որոշակի աշխատանք տանեն անձի հետ։ Բայց դա չպետք է լինի այն դեպքում, երբ, օրինակ՝ նախապատրաստվում են տնտեսական բնույթի կամ որոշակի չարաշահումների, անձի սեփականության հետ կապված նյութեր։

– Իշխանական թևի կողմից կան նմանօրինակ հայտարարություններ, թե՝ «մոռացե՞լ եք՝ նախկինում ինչ է կատարվել, կամ ով է եղել Հրայր Թվմասյանը»։ Եթե անգամ նախկին իշխանությունների կողմից նման ճնշումներ են եղել ոմանց նկատմամբ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նոր իշխանությունները պետք է շարունակեն այդ ավանդույթները։

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած միջոցառում պետք է լինի ծայրաստիճան հրապարակային, որովհետև մենք գործ ունենք նաև հանրային հաշվետվողականության և թափանցիկության հաստատման հետ։ Մենք, ցավոք, Հայաստանում երբեք չենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց գույքի ու սեփականության հետ կապված հրապարակումների, գործունեության հետ կապված նման աղմկոտ բացահայտումների նախադեպեր։

Դրա համար մենք պետք է ասենք, որ հանրային հաշվետվողականության և թափանցիկության հաստատում պետք է լինի երկրում։ Մենք գործ ունենք այդ խնդրի հետ, և այդ խնդիրը առավել կարևոր է, քան բացահայտումները, որովհետև երկար տարիներ հանրությունը չի ունեցել վստահություն պետության նկատմամբ։ Եվ պետության բոլոր գործողությունները եղել են գաղտնի, ծածուկ, լինի չարաշահում թե բացահայտում, միևնույն է, ծածուկ են եղել։

Բայց հեղափոխությունից հետո հենց առաջին խնդիրը, որը բարձրաձայնվել է, այդ ոչ թափանցիկ և ոչ հաշվետու կառավարման համակարգը թափանցիկության ու հաշվետվողականության դաշտ բերելն է։ Ի վերջո, նախկինում հանում էին թղթաբանությունը և ասում էին՝ թղթերով ամեն ինչ կարգին է։

Բայց ամբողջ ընթացակարգն այնքան ծածուկ ու այնքան մեկ խմբավորման շահերին սպասարկող էր, որ նախկին պրակտիկան արդեն իսկ մեզ թույլ է տալիս մտածել ու նաև ունենալ մտավախություն, որ ցանկացած գործողություն, որը չի կատարվում բաց, թափանցիկ ու հաշվետու և հասարակության աչքի առաջ, կարող է կասկածների տեղիք տալ։ Եվ այստեղ առկա է նաև մարդու իրավունքների խախտում։

– Դուք օրինակ էիք բերել, որ Հրայր Թովմասյանը ժամանակին ծաղրել էր բերանը կարած դատապարտյալներին։ Ընդհանրապես, պաշտոնյաների էթիկական նորմերի պահպանման հարցը ներկայո՞ւմս էլ կա։

– Այո՛, խնդիրը նաև պաշտոնյաների էթիկական նորմերի պահպանումն է։ Այո՛, իմ կարծիքով դատաիրավական համակարգում ընդհանրապես Հրայր Թովմասյանի նման էթիկական պատկերացումներով պաշտոնյայի գոյությունը խնդրահարույց է։ Եթե մարդը, լինելով արդարադատության նախարար, իր կառույցում գտնվող մարդկանց իրավունքի մասին ցինիկ արտահայտություններ է անում, ինձ համար արդեն խնդրահարույց է նրա պաշտոնավարումն այդ համակարգում։

Իրավական պետություններում նմանատիպ պաշտոնյայի պաշտոնավարումն ընդհանրապես կասկածի տակ կդրվեր, և տարբեր էթիկական մարմիններ կքննեին նրա հարցը։ Մենք հիմա ևս չունենք այդ պրակտիկան, որովհետև բազմիցս ականատես ենք դառնում Ազգային ժողովի պատգամավորների խայտառակ, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ սարսափելի բարձրաձայնումների, որոնք ոչ միայն ցինիկություն են, այլև կոնկրետ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ և բռնության կոչեր։

Որպես օրինակ կարող եմ բերել պատգամավորներ Վարդան Ղուկասյանի, Գևորգ Պետրոսյանի սարսափելի խտրական ու բռնության տարրեր պարունակող հայտարարություններն ու ստատուսները։ Կարող եմ օրինակ բերել Անդրանիկ Քոչարյանի վերջին արտահայտությունը, որը նա թույլ է տվել նախկին կին պատգամավորի նկատմամբ՝ վկայակոչելով նրա ծագումը։

Այսինքն՝ մենք ունենք տարատեսակ դեպքեր, և էթիկական հանձնաժողովներ չեն գումարվում, ընդհանրապես չի դիտարկվում նախկին ու ներկա պաշտոնյայի էթիկական վարքը։ Դա չի արվում, և ամեն ինչ տարվում է դեպի վախի մթնոլորտ, ավելի ծանր գործիքակազմ ունեցող կառույցներ, որոնցից է, օրինակ՝ ԱԱԾ-ն։

Այնինչ, մինչև գործերն այդ մակարդակ հասցնելը, մենք կարող ենք տարբեր պաշտոնյաների հետ կապված խնդիրները քննարկել ու լուծել այլ հարթություններում՝ էթիկական հանձնաժողովներ, պաշտոնյաների հայտարարագրերի դաշտում քննարկել այդ ամենը, թե ինչ ունեցվածք ունեն նրանք ու նրանց մերձավորները։

Բայց նմանօրինակ քննարկում մեկուկես տարի է` չկա։ Եվ չկան նաև նոր պաշտոնյաների հայտարարագրերը քննելու փորձեր։ Մենք մամուլում արդեն հրապարակումներ ունենք տարբեր պաշտոնյաների վերաբերյալ, որ նրանք մեկ տարվա ընթացքում որոշակի հարստություն են ձեռք բերել, որոնք անհամապատասխան են իրենց ստացած աշխատավարձերին։

Այսինքն՝ մենք այս պրակտիկան պետք է վերացնենք, ոչ թե անցանկալի պաշտոնյաների նկատմամբ որոշակի գործիքակազմ կիրառենք, որը կասկածներ կհարուցի անաչառության ու միատեսակ կիրառման առումով։

Ես առավել կկարևորեի դատական եռաստիճան համակարգի անկախության ու դատաիրավական համակարգի համապարփակ ռեֆորմի իրականացման անհրաժեշտությունը, քան կոնկրետ անձի շուրջ իրավիճակի թեժացումը։ Եթե մենք քայլեր ձեռնարկենք դատական համակարգի առողջացման ուղղությամբ, ապա խնդիրներն ինքնին կլուծվեն։

Այդ տեսանկյունից անձինք կդառնան ածանցյալ և ինքնաբերաբար դուրս կդրվեն համակարգից։ Որքան կենտրոնանանք անձանց վրա, այնքան կստվերվի համակարգի փոփոխության անհրաժեշտության խնդիրը, և համակարգային փոփոխության փոխարեն կստանանք մի կույտ քրեական գործեր՝ անցյալի շրջապտույտում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am