Դպրոցները՝ քաղաքական «օբշչակ»

Վահրամ Թոքմաջյան

ՀՀ հանրակրթության մեջ արշալույսները խաղաղ չեն։ Գրեթե չկա ամիս, որ չլսեք հերթական սկանդալի մասին՝ պայթած որևէ դպրոցում։ Այդ սկանդալները բազմաբնույթ են, սակայն կրքերի թեժությամբ առաջատարը տնօրենի հաստիքի շուրջ ծավալվողներն են։ Ում պատկանում է տնօրենի հաստիքը, նա տիրապետում է ռեսուրսներին, նաև՝ քաղաքական։

Իսկ բնական ռեսուրսների ճոխությամբ չփայլող Հայաստանում դա օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Տնօրենի պաշտոնը սոսկ հաստիք չէ, որը կազմակերպում է դպրոցի կյանքը։

Այն քաղաքական հենարան է, իքս մարդկանց համար հավատարմության առհավատչյա, ընտրություններին՝ ձայն, տեղն եկած տեղը՝ փող, հասարակական այս մտածողության պայմաններում՝ բարձր գնահատական և այլն։ 

2019 թ․ ԱԺ լսումների ժամանակ իրեն վստահված բոլոր ոլորտները բացառիկ ապաշնորհ տաղանդով տապալած Արայիկ Հարությունյանը, որն այժմ մովսեսական (քայլերթի ցուպը՝ վկա) խոկանքով կարևոր «խորհուրդներ» է տալիս, հայտարարեց, թե Հայաստանում կրթության ոլորտն այլևս քաղաքականացված չէ։

Իհարկե հարկ չեմ համարում հասարակագետ նախարարին բացատրել քաղաքականացվածության և կուսակցականացվածության տարբերությունները, սակայն երկու դիտարկումների պարագայում էլ նա սխալվում է։

Սխալվում է նույն համառությամբ, ինչ համառ դանդաղկոտությամբ և կարողունակությունների բացակայությամբ մսխեց բարեփոխումներ անելու հնարավորությունը։

Կրթության ոլորտը քաղաքականացված է։ Քաղաքականացված է այնպես, ինչպես կյանքի մյուս ոլորտները, և դրանից սարսափել պետք չէ։ Սարսափելու կարիք կա երկրորդից՝ կուսակցականացվածությունից։ Իսկ Հայաստանում այսօր հանրակրթության ոլորտը կուսակցականացված է առավել քան երբևէ։

Բացատրեմ։

Նախկինում կային հստակ աստիճանակարգություն և բաժանում։ Իշխող կուսակցությունը վերահսկում էր բոլոր ոլորտները, այդ թվում՝ հանրակրթության։

Կախված տրամադրությունից և կոալիցիոն ընկերներից՝ նրանց փայ էր հանում համապատասխան տոկոսներ։ Դե, տնօրենների մի մասն էլ ուներ երկու կրծքանշան՝ նայած թե այդ պահին ո՛ր կուսակցությունից էր նախարարը։

Այդ համակարգը ոչ միայն չկազմաքանդվեց, այլև ավելի խորացավ։ Քանի որ հները պահեցին իրենց մասնաբաժնի զգալի մասը, իսկ ներկայիներս փորձում են ձեռք բերել իրենցը։

Հարդյունս՝ ստացվում է անողոք պայքար, որի բարիկադները դպրոցներն են, ավելի շուտ՝ դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այդ պայքարում առանձնակի կարևորություն ունեն չգործող խորհուրդները։

Մարմիններ, որոնք ունեն բազմաթիվ գործառույթներ, սակայն միայն մեկի՝ տնօրենի ընտրության ժամանակ են աչքի ընկնում։ Այդ խորհուրդների միջոցով է սրբագրվում, ի կատար ածվում այն փչացած գործընթացը, որի պտուղները մենք ճաշակել ենք ու շարունակում ենք ճաշակել։

Խորհուրդներում մարդիկ ունենալու ու տնօրեն ոչ թե ընտրելու, այլ նշանակելու համար անողոքագույն պայքար է։ Նախարարությունն ունի իր մարդը, որը երբեմն «քցում» է նրանց, համայնքապետարանը՝ իր մարդը, նախկին ու ներկա՝ նախարար ու դեպուտատ, քաղաքապետ ու մարզպետ, քուչի գողական ու լաչառ «տասովչիկ», ընդհուպ մինչև փոխվարչապետ խառնված են այս գործին։ Մի խոսքով, շունը շապիկ է հագել, կատուն՝ վարտիք։

Ի՞նչ ունենք արդյունքում։

Մորից դստրիկին անցնող տնօրենի «ժառանգական» պաշտոն, ցանցային կլանային համակարգեր, նորաթուխ դեպուտատների հենարաններ, որոնք առավելապաշտական բնույթ են կրում «մեր մայլի հարսի կամ մեր խարեբի հալալ քրոջ» խոսույթի ծիրում։

Եվ վերջում ստացվում է այնպես, որ այդ մարդկանց զգալի մասը զբաղվում է ամեն ինչով, բացի կրթության գործի կազմակերպումից։ Իսկ այս արատավոր շղթան ունի շատ գեղեցիկ անվանում՝ դպրոցի ինքնավարություն։

Թե ինչպես է Գեղարքունիքի մարզից խոպան գնացած, հանապազօրյա հացը վաստակող մարդը, որը նաև խորհրդի անդամ է, իրացնելու այդ ինքնավարությունը, ոչ ոք չի բացատրում։

Եվ հիմա, ԿԳՄՍ նախարարությունը բերել է որոշման նախագիծ, որով փոփոխությունների է ենթարկում տնօրենի ընտրության գործընթացը։ Փոփոխությունները, ըստ էության, հարցի որևէ լուծում չեն կարող տալ։

Հետաքրքրականն այն է, որ իրավական նախագծերի քննարկման հարթակում, որտեղ ներկայացված է այդ կարգի փոփոխությունների նախագիծը, «Հիմնավորում» բաժինը դատարկ է։ Հենց այդպես։

Առանց հիմնավորման բերել են՝ «դե մի բան անենք, բան ըլնի» սկզբունքով։ Իրականում ոչինչ չի լինելու, քանի որ արատավոր շղթայի հիմնական դերակատարները նույնն են մնացել։

Բոլոր փոփոխությունները, որոնք նախատեսվում են, ընդամենը դեկորատիվ բնույթ ունեն։ Նույնն է, թե տունդ քանդված լինի, դուռ ու պատուհան չունենաս, կտուրը՝ այրված, բայց դու մտածես, թե ինչ բազմոց գնել։ Նախագծով նախատեսվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ ստորեւ։ Առանձնապես ցանկություն չկա կետ առ կետ անդրադառնալու, թե ինչու այդ փոփոխությունները ոչինչ չեն տա։ 

Ընդամենը պետք է կտրել այդ արատավոր շղթան ու դպրոցների խորհուրդներից վերցնել տնօրենի ընտրության գործառույթը։

Ինքնավարության և ժողովրդավարության մասին լոլոներն ավելի քան անտեղի են։ Ընտրակեղծարար հանցագործների, տարատեսակ դեպուտատների ռեսուրսային վերարտադրության, քուչի գողականների և այլատեսակ պաշտոնյաների քիմքին հաճո գործընթացները չեն կարող որևէ աղերս ունենալ ինքնավարության կամ ժողովրդավարության հետ։ 

Տնօրենները պետք է նշանակվեն համապետական մեծ խորհրդի կողմից՝ գնահատելով կոնկրետ դպրոցի համար ներկայացված զարգացման ծրագիրը՝ չափելի գործիքակազմով, հետկանչի հստակ (ոչ այժմ գործող) մեխանիզմներով, եթե կուզեք՝ «կույր քվեարկությամբ»։ 

Մեր մայլի հարս կամ տղա լինելը չպետք է մաս կազմի այդ գործիքակազմի, այն պետք է բացառել կրթական համակարգից։ Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Հանրակրթության փողը վճարում է պետությունը՝ պետական բյուջեից։ Եվ եթե ունակ չեն քանդելու գորդյան հանգույցը, ապա այն պարզապես կտրել է պետք։

ԿԳՄՍ-ին հորդորում եմ ժամ առաջ հետ կանչել այդ ոչինչ չտվող նախագիծը և լծվել իրական փոփոխությունների գործին։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am