«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացվածներն առողջանում են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ:

Շիրակի մարզ Էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

Ներկայումս Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Ոսկեգույն ստաֆիլակոկերը, ի թիվս այլ հիվանդությունների, առաջացնում են նաև սննդային թունավորում, ինչը պայմանավորված է ստաֆիլակոկի կողմից արտադրված ջերմակայուն թույնով՝ էնտերոտոքսինով: Սննդամթերքը ստաֆիլակոկով աղտոտվում է վարակակիր կամ արտահայտված մաշկային հիվանդություն ունեցող մարդու կողմից:

Ոչ բավարար ջերմային մշակման դեպքում և ոչ սառնարանային պայմաններում պահված աղտոտված սննդամթերքում ստաֆիլակոկերn ակտիվորեն բազմանում են և արտադրում թույն: Տարբեր սննդամթերքներ կարող են սննդային միջավայր հանդիսանալ ոսկեգույն ստաֆիլակոկերի համար, ընդ որում` չեն փոխվում սննդամթերքի համը և հոտը:

Հիվանդությունը (սրտխառնոց և փսխում) սկսվում է ուտելուց հետո 2-8 ժամվա ընթացքում և կարող է ուղեկցվել որովայնի կծկանքներով և լուծով: Որպես կանոն, ախտանշանները շարունակվում են մոտ 12 ժամ:Սննդային թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ինչպես սննդամթերքի պատրաստաման (ապահովել լրիվ թերմիկ մշակում), այնպես էլ պահպանման (պահպանել միայն սառնարանային պայմններում և ոչ երկար ժամկետով) կանոնները, մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է մասնակցեն սննդամթերքի պատրաստմանը:

Միաժամանակ, անհրաժեշտ է շոգին խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, այդ թվում՝ աղացած մսից պատրաստված ուտեստներ, երշիկեղեն, մսապուխտ և սունկ պարունակող աղցաններ, ինչպես նաև` կրեմային հրուշակեղեն: