Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: