«Ի՞նչ է նշանակում՝ մեր թիկունքում համաձայնագրեր են կնքում, մեր իշխանություններն անկեղծ ու թափանցիկ պետք է գործեն»․ Գևորգ Փարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը

Պարո՛ն Փարսյան, երեկ տեղեկություն եղավ, որ հաշվի առնելով Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Ինչպե՞ս եք գնահատում սա, երբ լրագրողների մուտքը փորձում են խոչընդոտել Սյունիքի սահմանամերձ համայնքներ։

– Դա բնակավայրերին չի վերաբերում, խնդիրը սահմանների, դիրքերի մասին է։ Իհարկե այդ սահմանափակումը տրամաբանական է։ Սահմանների ու դիրքերի հետ կապված, այո՛, նորմալ եմ համարում, որ կարող է նման սահմանափակում լինել։

Բայց սահմանամերձ համայնքներում ոչ մի սահմանափակում չի՞ լինելու լուսաբանման հետ կապված։

– Ո՛չ։ Իհարկե կարող են գալ համայնքներ ու աշխատել։

– Մարզում դեռ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չեն իրականացվել, այսինքն՝ սահմանները հստակ էլ չեն, ինչի՞ն է վերաբերում այդ սահմանափակումը։

– Բայց չէ՞ որ մենք ունենք դիրքեր, դիրքավորված անձինք։ Վերջիվերջո, լրագրողները կարող են ընենց մի ինֆորմացիա հրապարակել, որ գաղտնիք պարունակի, և թշնամին դրանից օգտվի։ Ա՛յ դա անթույլատրելի է։

Նախքան այս, նման դեպք եղե՞լ է Սյունիքում, որ լրագրողների աշխատանքը անվտանգության առումով խնդիր է ստեղծել։

– Առայսօր՝ ո՛չ, ըտենց խնդիր չեմ տեսել։ Բայց եղել են դեպքեր, որ նկարահանումներ պարզապես պետք չէր անել, և չի արվել։

Պարո՛ն Փարսյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից ու փաստաթղթերից, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին։

Ըստ նրա՝ պայմանավորվածությունը բխում է նրանից, որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը։ Ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, դուք ի՞նչ մանրամասներ գիտեք։

– Ճանապարհների հետ կապված կարգավորումները վաղուց արդեն գործում են, այդ նույն Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի մասին է խոսքը։ Դա պայմանավորվածություն չէ, հուշագիր է։

Կարելի է ուշադրություն դարձնել այդ փաստաթղթի առաջին կետին։ Առաջին կետով ասվում է, որ հայկական զորքերը դեկտեմբերի 18-ին Զանգելանի և Ադրբեջանի տարածքներից պետք է դուրս գան։

Այդ կետի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Թե չէ Կապան-Գորիս ճանապարհահատվածի 21 կմ հատվածի մասին խոսում ենք, որ խնդրահարույց է, այդ ամենի կարգավորման մասին է խոսք գնում։

Զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած էին, բայց, փաստորեն, փաստաթղթով նշված է, որ դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը պետք է դուրս գան։

Այսինքն՝ որ վարչապետն ասում էր՝ բանավոր փոխըմբռնում կար դրա հետ կապված, որ Զանգելանի և Կուբաթլուի 90 տոկոսը զիջվել է, 10 տոկոսն էլ պետք է զիջվեր, փաստորեն որևէ բանավորի մասին խոսք չկա, կար կնքված փաստաթուղթ, որ դեկտեմբերի 18-ին մենք պետք է այդ դիրքերը զիջեինք։

Եվ դիրքերը զիջելու հետ մեկտեղ մենք կորցնում էինք մեր անվտանգության գոտիները, որոնք կառուցել էինք մինչև նոյեմբերի 9-ը։ Պահել ու պաշտպանել էինք այդ անվտանգության գոտին։

Ես այսպես ասեմ՝ Կապանի այսօրվա բոլոր հիմնական խնդիրները՝ կապված ճանապարհների, թշնամու՝ այսքան մոտիկ գտնվելու հետ, հենց դրանից են բխում։ Առաջին կետն է թաքուն եղել, իսկ մնացած կետերը թաքուն չէին, ճանապարհների կարգավորումներն են։

Դուք տեսե՞լ եք նման փաստաթուղթ, անձամբ ծանո՞թ եք այդ կարգավորումներին, որովհետև իշխանությունը չի ասում, որ նման փաստաթուղթ կա, ասում են՝ պայմանավորվածություն։

– Այո՛, իհարկե տեսել եմ։ Դա մեմորանդում է։ Ես տեսել եմ, անգամ իմ հեռախոսում էլ կա այդ փաստաթուղթը։

Անընդհատ հարցադրումներ են հնչում՝ հնարավո՞ր է Սյունիքի հարցով այլ գաղտնի պայմանավորվածություններ էլ կան։

– Դա էլ է անհանգստացնող, կարո՞ղ է էլի ինչ-որ գաղտնի համաձայնագրեր կան, որոնց վերաբերյալ մենք տեղեկություն չունենք։ Վաղը չէ մյուս օրը կարո՞ղ ա մեզ էլի անակնկալի բերեն։

– Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

– Նախ՝ պետք է մեր իշխանություններն անկեղծ լինեն, թափանցիկ գործեն։ Ի՞նչ է նշանակում՝ մեր թիկունքում համաձայնագրեր են կնքում, որոնց վերաբերյալ մենք իմանում ենք ամիսներ հետո։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am