«Գագիկ Խաչատրյանի ձերբակալությամբ իշխանությունը երկու հարց է լուծում. գումարներ բերել բյուջե և բարձրացնել Փաշինյանի վարկանիշը». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը

– Օրերս ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց, և պարզ դարձավ, որ 800 մլն դրամ վերադարձրել է պետությանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, և ի՞նչ ակնկալիքներ կան։ Շատերի գնահատմամբ, այս գործընթացն ավելի վաղ պետք է տեղի ունեցած լիներ։ 

– Իհարկե ուշացած էր, քանի որ Գագիկ Խաչատրյանը նախկին կոռուպցիոն համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչներից էր, որը երկար տարիներ լինելով պետական պաշտոնյա, միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների ունեցվածք է դիզել։

Այնպես որ, կոռուպցիային պատերազմ հայտարարած այս կառավարությունը պետք է առաջիններից մեկը հենց Գագիկ Խաչատրյանին ձերբակալեր։ Իհարկե կան շատ թալանչիներ, ապօրինի կերպով հարստացած մարդիկ, բայց Գագիկ Խաչատրյանը բացառիկ է նրանով, որ բավականին երկար ժամանակ լինելով պետական պաշտոնյա՝ այդպիսի ահռելի ունեցվածք է կուտակել։ Բնականաբար, դա արել է ոչ օրինական ճանապարհով։ Նրա կողմից կաշառք ստանալու ձևերի մասին բազմաթիվ պատմություններ կան։

Բացի դրանից, նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն է իր հրապարակային հայտարարություններում բազմիցս Գագիկ Խաչատրյանին մեղադրել բազմաթիվ բիզնեսներ ունենալու մեջ, և այժմ նա պետք է գործով ապացուցեր, որ Գագիկ Խաչատրյանը ապօրինի ճանապարհով է այդպիսի մեծ ունեցվածք ձեռք բերել։

– Մենք բազմիցս տեսել ենք բռնել-բաց թողնելու դեպքեր։ Կարծում եք՝ Գագիկ Խաչատրյանի դեպքում նույնպե՞ս այդպես կլինի, թե՞ նա երկարատև կազատազրկվի։ 

– Չեմ կարծում, որ երկարաժամկետ բանտարկություն կլինի, որովհետև իշխանությունները կարծես թե որդեգրել են մի քաղաքականություն, որ այն բոլոր հանցագործները, որոնց գործունեության հետևանքով մարդիկ չեն սպանվել, պետք է վերականգնեն պետությանը հասցված վնասը և ազատ արձակվեն։ Այսինքն՝ իշխանությունն իր առջև նպատակ չի դրել ամեն կերպ լցնել բանտերը, այլ նպատակ է դրել բյուջեն լցնել և վերականգնել պետությանը տված վնասների մի մասը։ Այս համատեքստում ես կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանն էլ երկար չի մնա բանտում և որոշակի գումար վճարելուց հետո ազատ կարձակվի։ 

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ, ինչպես դուք եք ասում, բյուջեն լցնելու խնդիր է դրված, ոչ թե պատժելու։ 

– Մի կողմից հասկանալի է իշխանության որդեգրած այն քաղաքականությունը, որ չեն ուզում բանտերը լցնեն նախկին պաշտոնյաներով, այլ նպատակ են դրել ավելի շատ գումարներ բյուջե մուտքագրել։ Բայց, մյուս կողմից, սա նաև որոշակի վտանգներ է պարունակում, քանի որ սելեկտիվ արդարադատության տարրեր է պարունակում։ Այսինքն՝ որոշ դեպքերում կարելի է մարդկանց բանտ նստեցնել, իսկ ավելի հաճախ էլ որոշակի գումար բյուջե վերադարձնելուց հետո անձը կարող է հանգիստ վայելել մնացած թալանածը։ 

– Իշխանության ներկայացուցիչները սոցցանցերում գրում են՝ համբերություն ունեցեք, բոլորի հերթը գալու է, իրավական հեղափոխության համար ժամանակ է պետք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Իհարկե հասկանալի է իշխանության ներկայացուցիչների ոգևորվածությունը։ Գագիկ Խաչատրյանը շարքային գող չէ, այլ նախկին կոռուպցիոն համակարգի վառ ներկայացուցիչներից մեկը։ Այս ձերբակալությամբ իշխանությունը նաև որոշակի մեսիջներ է ուղարկում մյուս կոռումպացված չինովնիկներին։ Բայց նաև հասարակությունը վերջին մի քանի ամիսներին այլևս նախկին ոգևորվածությամբ չի ընդունում պաշտոնյաների ձերբակալությունները, քանի որ այնպես է ստացվում, որ այդ մարդիկ շատ երկար չեն մնում բանտում։

Իսկ հասարակության մի ստվար զանգված այդ մարդկանց ուզում է տեսնել բանտում։ Իհարկե Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը մեծ ոգևորվածություն է առաջացրել հասարակության մեջ։ Բայց կան նաև կարծիքներ, որ նա էլ շուտով, որոշակի գումար վճարելուց հետո ազատ կարձակվի։ Շատ քչերն են կարծում, որ նա ամբողջությամբ կրելու է իր պատիժը և երկար տարիներ անցկացնելու է ճաղերի հետևում։ 

– Անգամ կարծիքներ են հնչում, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հասարակությանը Ամուլսարի թեմայից շեղելու, սլաքներն այլ ուղղությամբ ուղղելու համար է արվել։ Ձեր կարծիքով, այս երկուսի միջև կապ իսկապես կա՞։

– Իմ կարծիքով, այս ձերբակալությամբ իշխանությունը երկու հարց է լուծում՝ որոշակի գումարներ բերել բյուջե և բարձրացնել վերջին ժամանակներս որոշակիորեն անկում արձանագրած Փաշինյանի վարկանիշը։ Իշխանությունը, բնականաբար, ամենամսյա ռեժիմով, տարբեր միջոցներով ստուգում է իր վարկանիշը, և, հավանաբար, հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանի թիմը կամ իր խորհրդականները նրան հուշել են, որ վարչապետը վերջին ժամանակներս վարկանիշի անկում է գրանցել, և միգուցե այս ձերբակալությամբ իշխանությունը փորձում է նաև բարձրացնել իր վարկանիշը։ Իսկ նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին ձերբակալելը կարող է իշխանության վարկանիշը զգալիորեն բարձրացնել: Դա փորձված տարբերակ է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am