Կյանք, որի մեջ շատ ցավ կա. ադրբեջանցի Թամար տատի, կարոտի ու սիրո մասին Թամար թոռան պատմությունը

30-ամյա Թամարը գորիսաբնակ, ծնունդով խնձորեսկցի Լևոն Հարությունյանի և ադրբեջանուհի Թամարայի թոռն է: Նրա սկեսուրը՝ տիկին Ժենյան, երբեք չի թաքցնում հարսի նկատմամբ իր վերաբերմունքը:
«Մինչև ամուսնանալը տղայիս ասում էի՝ տե´ս, հա, մի´ ուշացնի, Թամարին մենակ դու չես տեսնում: Ասեմ, որ մինչ այդ աղջիկս՝ Սաթենիկը, արդեն այդ օջախում հարս էր: Մենք նրանց վաղուց գիտեինք: Տատը շատ ձիգ, պինդ ընտանիք պահող կին էր»,-պատմում է Ժենյան:
Իսկ երբ տիկին Ժենյան խոսեց ազգային պատկանելության մասին, խոսակցությանն արագ միացավ նաև հարսը` Թամարը:

«Չեմ կարծում, թե որևէ երեխայի սերը իր ծնողների կամ պապ ու տատի նկատմամբ կնվազի ազգության իմացության փաստից. աչք ես բացում՝ նրանք կան, նրանք քոնն են, դու՝ նրանցը, դուք սիրում եք միմյանց»,- ասաց նա

Թամարը պատմեց, որ հոր պապը՝ Մաշադին, ազգությամբ ադրբեջանցի էր, ծնվել ու ապրել էր Սիսիանի Վաղուդի գյուղում, իսկ հոր տատը՝ Սոնան, ազգությամբ հայ էր:

«Մայրս պատմում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ տատս՝ իր սկեսուրը, մատուռ ու եկեղեցի էր գնում, մոմ էր վառում խաղաղության ու Հորադիզում կռվող իր թոռան՝ Լևոնի համար: Բայց սահմանի մյուս կողմում էլ նա շատ սիրելիներ ուներ…» – պատմում է նա:

Նա տատի մասին անթաքույց ակնածանքով ու կարոտով է խոսում:

«Տատս շատ գեղեցիկ, աշխատասեր կին էր, բոլորս նրան Թամար մամա էինք ասում: Գորիսում և շրջակա գյուղերում նա հայտնի էր որպես սնխչի, հեքիմ: Մեր տունը միշտ մարդաշատ էր, ու մարդիկ, որքան հիշում եմ, միշտ գոհ էին հեռանում: Ե´վ դրսի կին էր, և´ տան: Պապս շատ շուտ է մահացել, երեք որդիներ, տուն-տեղ, մեծ տնտեսություն: Ինքն էլ ծանր վիշտ ուներ՝ հայրս ու դեռ չամուսնացած հորեղբայրս շատ ջահել տարիքում էին մահացել, բայց… արտաքուստ նա ուժեղ էր: Ամեն ինչ հասցնում էր, ամեն ինչ մեր տանն էր ստեղծվում՝ կաթնամթերք, բրդեղեն: Հորս հետ հրաշք այգի էր հիմնել»,- պատմում է նա:

Հետո, որպես «ոսկի ձեռքեր» ունենալու ապացույց, Թամարը դարակից հանում և ցույց է տալիս խնամքով պահած, գույնզգույն թելերով տատի հյուսած նախշավոր գուլպաները:

«Մանկությունից ես էլ, մեր բոլոր տնեցիների պես, ձմռան ամիսներին սրանցից տաք-տաք հագնում էի, մաշվելու դեպքում տատս կարկատում էր կամ նորն էր գործում, բայց քանի որ արդեն 1,5 տարի է, ինչ նա չկա, սրանք արդեն պահում եմ որպես թանկ հիշողություն»,- ինքն էլ հիշողության գիրկն է ընկնում Թամարի թոռ Թամարը:

Թամարը պատմում է, որ ինքը հաճախ է զգացել տատի` երբևէ չբարձրաձայնած ապրումները, բառեր չդարձած մտորումները:

«Շատ էի ազդվել, երբ տատս խնդրել էր հորեղբորս որդուն՝ Լևոնին, որ իրեն մի անգամ տանի ու ցույց տա իր ծննդավայրը՝ Վաղուդին: Մեկ էլ, երբ լռակյաց էր դառնում, երբ ծանր հոգոց էր հանում, մենք գիտեինք, որ հարազատներին է հիշում… Մայրս պատմում է, որ մինչ ղարաբաղյան հակամարտությունը մեզ հաճախ էին հյուր գալիս տատիս հարազատները Ադրբեջանից: Կուբաթլիում նա պաշտոնավոր եղբայր ու եղբորորդիներ ուներ, որոնք շատ ուշադիր էին նրա նկատմամբ: Նրանց հիշելիս, մինչ վերջերս էլ, տատս գոգնոցի փեշը աչքերն էր տանում…»- հիշում է Թամարը:

Լևոնն էլ հիշում է, որ հնարավորության դեպքում նույնիսկ Թամարա տատը երբեք չլքեց Գորիսը:

«Մի անգամ` շարժման սկզբում, գիշերով մեր տան մոտ կանգնեց ռուսական մի զրահամեքենա. տատիս եղբորորդին էր, եկել էր նրան տանելու: Տատս գրկեց նրան, համբուրեց, ձեռքերը դեպի մեզ պարզեց ու գլուխը տարուբերեց: Նրանք երկար իրար նայեցին, նորից գրկախառնվեցին ու… լուռ բաժանվեցին: Դա նրանց վերջին հանդիպումն էր»,- անցյալի օրերը հիշեց Լևոնը:

Թամարը տխրությամբ, բայց և անթաքույց հպարտությամբ հիշեց, թե անցած նոյեմբերին որքան մարդ եկավ տատին հրաժեշտ տալու, և որ բոլորը նրան միայն սիրով էին հիշում` հարևաններն էլ բարեկամներին հավասար սգացել են Թամարայի մահը:

«Թամարայի հետ մեր թաղից մի համ պակասեց: Նա շատ բարի կին էր, թե սիրտդ լցված լիներ՝ կլսեր համբերությամբ, հույս կտար, ցավող տեղ ունեիր՝ կբժշկեր: Կհեռանայիր թեթևացած: Նրան հավատում էիր. հավատացնողն իր կենդանի օրինակն էր ու իր պահած ընտանիքը: Շատ սիրով ամուսիններ էին: Լևոնը շատ աշխույժ, խաղ ասող մարդ է եղել, Թամարային նրանց գյուղում մի հարսանիքում տեսել-հավանել է, հետը բերել է տուն»,- պատմում է հարևանուհին` 78-ամյա Մարո Սարգսյանը:

Հարևաններից ուսուցչուհի Էլլա Առուշանյանը ևս լավ հուշեր ունի:

«Նրանց տունը շարունակ լիքն էր մարդկանցով: Գալիս էին տարբեր հարցերով` կոտրվածքներից մինչև վախ չափելու խնդիրներով: Նրան հավատում էին, հավատով էին գալիս: Ձեռքը թեթև էր, խոսքն էլ շատ բարի էր, հուսադրող: Ոչ մեկին նա գին չէր ասում, ինչ սրտներից կգար՝ կտային»:

1982-1990 թթ Հայաստանի կոմկուսակցության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Ալեքսանյանն ասում է, որ գյուղերը չէ, սակայն Գորիսը միշտ էլ Հայաստանի` ադրբեջանցիներով ամենանոսր բնակեցված տարածքներից մեկն է եղել, քանի որ նրանք հիմնականում զբաղված էին անասնապահությամբ, իսկ քաղաքն այդ տարիներին միութենական նշանակության արդյունաբերական քաղաք էր:

«Զուտ ադրբեջանական ընտանիքներ չեն եղել, եղել են խառը՝ հիմնականում ադրբեջանցի տղամարդկանց ու հայ կանանց միությամբ հաշված՝ 4-5 ընտանիք: Ադրբեջանցի տանտիկին Գորիսում միայն Թամարան էր, նա շատ բարի համբավով կին էր»,- հիշում է Ռոբերտ Ալեքսանյանը:

Սակայն բոլորը չէ, որ Թամարի նման բաց, անկաշկանդ պատրաստ են խոսել իրենց արմատների, իրենց ազգության մասին:

Գորիսում ադրբեջանական արմատներով ընտանիքներ կան, որոնք նախընտրում են լռել, երբ խոսք է բացվում ազգային պատկանելության մասին: Նրանց համար այս դեպքում լռությունն է արձագանքը:

«Բնավ զարմանալի կամ դատելի չէ, որ ադրբեջանական արմատներով մարդիկ դեռ խուսափում են այս թեմաներով զրույցներից, ժողովրդական մի խոսք կա՝ «Ցավը տերն է քաշում»: Այս մարդիկ ակամա մեղավորության դառնություն ու նաև տագնապ են ապրել ու… դեռ ապրում են»,- ասում է Գորիսի պետական համալսարանի դասախոս, կենսաբան-հոգեբան Տաթևիկ Գրիգորյանը:

Թամարան ևս կիսում է այդ կարծիքը:

«Եթե ղարաբաղյան հակամարտությունը, ազգամիջյան այս ծանր պատմությունները չլինեին, գուցե ես ինքս էլ ավելի շատ բան իմանայի տատիս արմատների մասին…- ասում է Թամարան: – Գիտե՞ք, ես հասկանում եմ նաև զրույցից խուսափողներին. չէ՞ որ այս թեմայի մեջ, մեզնից անկախ, նաև շատ ցավ կա…»:

Լենա Հովսեփյան

© Medialab.am

——————————————————————————————————

Հոդվածը պատրաստվել է «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ)` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում:

Tamar eng

Tamar rus