Սկսվել են այդքան սպասված վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները ՀՏԶՀ

Այս տարի շահագործման կհանձնվի Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում է երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:

 Ըստ վիճակագրության` նշված հատվածի վթարների ու վրաերթների թիվը բավականին մեծ է, ցավոք` նաև մահվան ելքով: 

Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար: ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով արդեն սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը: Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոց կանցնեն առավել անվտանգ:

Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կկազմակերպվի դպրոցի հարևանությամբ փողոցից՝  արդեն կառուցված թեքահարթակներով:

Այս մասին հայտնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։