«ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը նախազգուշական է, և եթե իշխանությունները շարունակեն նույն ոգով, ապա հնարավոր է նաև Հայաստանի դեմ այլ քայլեր արվեն»․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

– ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները տարածել են մեկնաբանություն, որում անհանգստություն են հայտնում ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։ ՀՀ արդարադատության նախարարն ու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը ոգևորությամբ են խոսում այդ մեկնաբանության մասին, մինչդեռ շատերը նշում են, որ այն մտահոգիչ է, անգամ ապտակ է Հայաստանին: Դուք ինչպե՞ս եք գնահատում տարածված հայտարարությունը:

– Ոչ թե ոգևորվել են, այլ փորձում են երևի մեղմացնել հասարակական դժգոհությունը, քանի որ արդեն իսկ Հայաստանում լուրջ դժգոհություններ կան: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ, շատ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ արդեն քննադատել են իշխանություններին դրա համար: Սա, ըստ էության, նախազգուշական հայտարարություն է, և եթե իշխանությունները շարունակեն նույն ոգով, ապա հնարավոր է նաև Հայաստանի դեմ այլ քայլեր արվեն, ընդհուպ մինչև զեկույցի ընդունում:

– Այս մեկնաբանությունում, ըստ էության, նշվում է, որ ՍԴ-ի նկատմամբ ճնշո՞ւմ կա:

– Իհարկե նշվում է, որ քաղաքական գործիչների կողմից արվում են հայտարարություններ, որոնք կարող են դիտվել որպես ճնշում ՍԴ-ի նկատմամբ, և իշխանություններին զգուշացվում է զերծ մնալ նման քայլերից:

– Օրինակ՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հենց Հրայր Թովմասյանն է քաղաքական հայտարարություններ արել, որ, այո՛, քաղաքական է, բայց դրա հեղինակը ՍԴ նախագահն է: Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը:

– Ոչ միայն Հրայր Թովմասյանն է քաղաքական հայտարարություններ անում, այլ նաև իշխանության ներկայացուցիչները: Պետք չէ ջայլամի նման գլուխը մտցնել ավազների մեջ և ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների հայտարարությունը միակողմանի տեսնել: Հայտարարության մեջ նաև քաղաքական գործիչներին ուղղված կոչ կա:

– Այս հայտարարությունը զգուշավոր կդարձնի՞ իշխանություններին՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ շուտով ՍԴ-ում առկա խնդիրը հանգուցալուծվելու է:

– Կարծում եմ՝ այո՛, ավելի զգուշավոր կդառնա իշխանությունը, հակառակ դեպքում ավելի կոշտ գնահատականներ կգան եվրոպական կառույցներից՝ ԵԽԽՎ-ից, Վենետիկի հանձնաժողովից: Չի բացառվում նաև, որ Հայաստանի դեմ անգամ զեկույցներ լինեն:

– Ձեր կարծիքով՝ այստեղ որքա՞ն դեր է ունեցել նախկին իշխանությունը, որովհետև հայտնի է, որ նրանք շատ ինտենսիվ աշխատում են, տարբեր նամակներ են ուղարկում եվրոպական կառույցներ, օգտագործում են իրենց կապերը:

– Փաստեր չկան, բայց նաև չի բացառվում, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց կապերն օգտագործելով նպաստել են այդպիսի հայտարարություն ընդունելուն, որովհետև այդ համազեկուցողներից մեկը ԵԺԿ-ից է, որի անդամ է նաև ՀՀԿ-ն, իսկ մյուսը՝ Սոցիալ-դեմոկրատների խմբից է: Միգուցե նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց կապերով նպաստել են դրան: Բայց սա երկրորդական է, կարևորն այն է, որ իշխանություններն իրենց պահեն օրենքի և Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին նաև նախկինում էլ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ըստ որի բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի և Սահմանադրության շրջանակներում: Այնպես որ, թող իշխանություններն առաջին հերթին իրենք իրենց մեղադրեն, հետո նոր մեղքը գցեն նախկինների վրա: Իշխանությունը չպետք է անի հայտարարություններ, որոնք կարող են դիտվել որպես ճնշում ՍԴ-ի նկատմամբ: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ իշխանական պատգամավորները գրեթե իրար հերթ չտալով, ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում, որոնք, բնականաբար, հասնում են Ստրասբուրգ, Բրյուսել: Այո՛, Հայաստանը մոնիթորինգի ներքո է գտնվում, եվրոպական կառույցներում հետևում են մեր երկրում ստեղծված իրավիճակին:

– Սա, ըստ էության, նոր իշխանություններին ուղղված առաջին հարվա՞ծն էր ԵԽԽՎ-ի կողմից:

– Նախկինում էլ եղել են նախազգուշացնող հայտարարություններ: Հիշենք, օրինակ՝ անցյալ տարվա աշնանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: Այդ հայտարարություններին չի կարելի մատների արանքով նայել: Սա նախազգուշական հայտարարություն է, որը կարող է հետագայում զեկույցի վերածվել: Հույս ունեմ, որ այսուհետ իշխանությունները զերծ կմնան այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կարող են իրենց և Հայաստանի դեմ շրջվել:

Մանե Հարությունյան
MediaLab.am