ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23֊ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:

«Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները:

Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը: