Fly Arna-ն փետրվարի 7-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

«Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: