Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է որպես ժողովրդավարական երկիր. իսպանացի պատգամավոր

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ:

«Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», – այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

«Խաղաղության համաձայնագրի հետամուտ լինելն, անկասկած, լավագույն տարբերակն է երկու ազգերի և ողջ կովկասյան տարածաշրջանի կայունության համար։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է հասկանալ և գիտակցել, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն բարեխղճորեն և փոխադարձ հարգանքով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պայմանների թելադրմամբ, որոնք կհանգեցնեն հարկադիր նահանջի», – նշեց պատգամավորը։

Ինյարիտուի պնդմամբ՝ կարևոր է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր լինի արդար և հարգի բոլոր մասնակից կողմերի իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ ըստ նրա՝ անարդար պայմանների պարտադրումը կամ միակողմանի հաղթանակի ձգտումը միայն ապագա հակամարտությունների ու լարվածությունների սերմեր կցանեն:

«Ի վերջո, ձգտումը կովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն համար պետք է լինի, որն ուղղված է երկու ժողովուրդների օրինական նկրտումներին, և կնպաստի կայունությանը և փոխադարձ համագործակցությանը», – եզրափակեց Ջոն Ինյարիտուն՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ խաղաղ և արդար լուծում կգտնվի՝ ի բարօրություն բոլոր ներգրավված կողմերի։