Կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են հակամարտությունը․ ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին, թե կարող է ասել, որոնք են այդ երկրները, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին Թուրքիան է։

«Դրա համար կան ընթացիկ շահեր և պատմական պատճառներ, որովհետև Թուրքիան չի հրաժարվել հայերի  ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, այլև արդարացնում է այն»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ կա նաև Թուրքիայի նման վարքագծի այլ գործոն։

«Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարիների ընթացքում, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը և նպատակը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կարծում է, որ առաջին հերթին Ռուսաստանին հասկանալի է, թե այդ ամենն ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող է ունենալ։