«Պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ կարող էին ուղղվել առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը».  Վերլուծաբան

«Պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ կարող էին ուղղվել առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը».  Վերլուծաբան
«Պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ կարող էին ուղղվել առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը».  Վերլուծաբան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, վերջին օրերի անտառային հրդեհները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի կառավարման համակարգը պատրաստ չէ նմանօրինակ աղետների դեմ առնելուն: Հանրության կողմից, ինչպես ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ այսօր քննադատություններ են հնչում, որ պաշտոնյաներն իրենց ճոխությունների համար գումարներ են ծախսում, բայց տվյալ դեպքում հրդեհաշիջման տեխնիկա չի գնվել: Ի՞նչ եք արձանագրում:

– Մենք անկախության տարիներին և դրանից առաջ ունեցել ենք մի քանի խոշոր ֆորսմաժորային իրավիճակներ: Եվ եթե մինչ անկախության և վաղ անկախության շրջանը կարող էինք ուղղակի արդարացումներ գտնել, թե դեռևս պետականություն չունեինք, կախված էինք Մոսկվայից` ինչպես Սպիտակի երկրաշարժի դեպքում, կամ նոր ստեղծված պետականություն էր` ինչպես Արցախյան պատերազմի շրջանում, ապա այս վերջին տարիների իրադարձությունների համար արդարացումներն անընդունելի են: Իհարկե, արդարացումներ գտնելն իշխանությունների սիրելի զբաղմունքն է, բայց այդ արդարացումները որևէ կերպ հիմնավորված չեն:

Խնդիրն այն է, որ կլինի արտաքին հարձակման վտանգ, ինչպես 2014-ին էր և 2016-ի ապրիլին, թե ներքաղաքական հզոր ընդվզում ու անկայունություն, ինչպես 2008-ի մարտի 1-ին էր կամ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ, կամ որևէ բնական աղետ, ինչպես Խոսրովի արգելոցի դեպքն էր, դրանք լավագույնս ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարումը, մեղմ ասած, արդյունավետ ու օպերատիվ չէ: Ցավոք, նման ֆորսմաժորային իրավիճակներին Հայաստանը դիմակայում է շատ մեծ դժվարությամբ, որոշումների կայացման ժամանակ ունենում է հապաղումներ, երբեմն չի էլ իմանում, թե ինչպես արձագանքի իրադարձություններին, ինչպես, օրինակ` «Սասնա ծռերի» դեպքում էր, կամ արձագանքում է անհամաչափ, ինչպես 2008-ի դեպքում էր, կամ արձագանքում է ուշացած, ինչպես Խոսրովի արգելոցի հրդեհի կամ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի դեպքում, երբ չհաջողվեց 100 տոկոսով վերականգնել նախնական դիրքերը: Սա ցույց է տալիս, որ առաջին` ունենք որոշումների կայացման մեխանիզմի, երկրորդ` պետական կառույցների պրոֆեսիոնալիզմի և ճկունության բացակայության խնդիր: Երրորդ` գործ ունենք հասարակության հետ օպերատիվ կապի, նրա ներուժն օպերատիվ կերպով օգտագործելու բացակայության հետ:

Այս հրդեհը հերթական մարտահրավերն է, որից մենք կարծես թե համառորեն չենք ուզում դասեր քաղել:

– Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությունն ընդունում է, որ համապատասխան տեխնիկական միջոցներ չունեն խոշոր հրդեհների դեմն առնելու համար: Պատճառաբանում են, թե դրանց համար ֆինանսական միջոցներ չկան: Որքանո՞վ են հիմնավոր այս պատճառաբանությունները:

– Այդ բացատրությունները մի կողմից հասկանում եմ` արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կամ իր նախկինը սահմանափակվել են այն միջոցներով, որոք հատկացվում են պետական բյուջեից: Բայց եթե խնդիրը դիտարկենք այդ նախարարության հատկացումներից դուրս և ողջ պետական համակարգի ու բյուջեի մակարդակով, ապա ստիպված ենք կրկնելու այն, ինչ ավանդաբար ասել ենք ցանկացած մակարդակի բյուջեի դեպքում: Կատարվող ծախսերը, ցավոք, համարժեք չեն Հայաստանի իրական կարիքներին: Իհարկե, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի մեղքի բաժինը չկա այն բանում, որ ցածր մակարդակի մի չինովնիկի համար կարող է գնվել մի քանի տասնյակ հազար դոլարանոց շքեղ մեքենա: Եթե մենք ի նկատի ենք ունենում, որ ոստիկանության վրա ավելի շատ է ծախսվում, քան բանակի, կրթության կամ որևէ այլ ոլորտում, ապա մենք գործ ունենք աղճատված պատկերի հետ: Եթե մենք տեսնում ենք, որ պետական տոնակատարությունների վրա տարիներով մսխվել են միլիոններ, մինչդեռ դրանք կարող էին ուղղվել նմանատիպ առաջին անհրաժեշտության խնդիրների լուծմանը, բնականաբար, ԱԻՆ-ի ղեկավարության բացատրությունը քննադատության չի դիմանում: Այս կտրվածքով խնդիր է մնում այն, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը գույքագրում երկրի պրոբլեմները և որքան համաչափ միջոցներ է հատկացնում դրանց լուծման համար:

– Այսինքն՝ փող կա, բայց նպատակայի՞ն չի ծախսվում:

– Գոնե կա ինչ-որ գումար, որը կարող էր ավելի նպատակային ծախսվել, քան ծախսվել է մինչ այժմ:

– Այս իրավիճակում ի՞նչ լուծումներ եք տեսնում, ի՞նչ պետք է անել:

– Ժամանակակից աշխարհում անվտանգությունը միայն հակառակորդի հարձակման վտանգը չէ: Անվտանգությունը չի սկսվում միայն պետության սահմաններից, այլ սկսվում է քաղաքացու և իր միջավայրի պաշտպանության լիարժեք մեխանիզմներից: Ինչ էլ մենք իրականացնենք, դրանք դասվում են երկու խոշոր խմբի, երկու ֆունկցիաներն էլ ուղղակիորեն առնչվում են անվտանգության հետ: Առաջինը վտանգների կառավարման ու կանխատեսման գործառույթն է, երկրորդը` զարգացման գործառույթը: Իհարկե, ցանկացած պետություն ստիպված է մտածել, թե ինչպես արձագանքի արդեն իսկ առկա կամ շատ տեսանելի պոտենցիալ վտանգներին: Բայց առաջնային ու ոչ կարևոր են զարգացման ու առաջընթացի գործառույթները, որոնց մեջ մտնում է հասարակության իրազեկումը, թե ինչպես վարվել աղետների դեպքում կամ աղետների կանխարգելման հարցում:

Կարևոր է որոշումների կայացման շատ ավելի ճկուն համակարգի ստեղծումը, պրոֆեսիոնալ մարդկանց իրենց պաշտոններում նշանակելը, կարևոր է, որ համակարգը զերծ լինի կոռուպցիայից և այլ արատներից, որոնք ուղղակի և անդառնալի հետևանքներ են ունենում բոլորիս անվտանգության առումով: Շատ բան պետք է վերանայվի, վերանայումը համալիր պետք է լինի, մտածողության ու մոտեցման վերանայում պետք է լինի, թե չէ ուղղակի կարկատաններով պետություն չես ղեկավարի, կոսմետիկ և իրավիճակային փոփոխություններով անվտանգության ու զարգացման միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ չես լուծի:

Կարևոր է, որ հասկանանք մի բան՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը ծնվել է արտակարգ պատահարով, ինչպիսին Արցախյան կոնֆլիկտն է, Հայաստանն ինքն ապրում է արտակարգ իրավիճակում, և Հայաստանի անվտանգության խնդիրներին բառի բուն իմաստով արտակարգ ու արտառոց լուծումներ են պետք: Չի կարելի սպասել, որ խնդիրները խորանան ու կուտակվեն, դրանք փոխանցենք սերնդեսերունդ: Մենք արդեն տեսնում ենք, որ համակարգը ճռճռում է, երբեմն ի վիճակի չի լինում պատշաճ արձագանքելու այդ մարտահրավերներին: Եվ խնդիրը համակարգային լուծումների դաշտում է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am