Վերջին շաբաթներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության կենտրոնում են հայտնվել Կաթողիկոսին և Եկեղեցուն վերաբերող թեմաները, որ սկսվեցին կառավարության նիստում չուլանների վերածված եկեղեցիների մասին հայտարարությունից և շարունակվում են մինչ օրս։
Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին գրեթե ամեն օր առավոտյան արթնանալուց հետո ականատես է լինում վարչապետի նոր գրառմանը, որով Փաշինյանը տարբեր ձևակերպումներով Կաթողիկոսին հետևողականորեն հարկադրում է հրաժարական տալ: Այս ամենօրյա վարչապետ-Կաթողիկոս տեղեկատվական աղմուկի շնորհիվ լուսանցքում են մնում այն գործընթացները, որոնք այս պահին ուղիղ առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը և աշխարհաքաղաքական զարգացումներին։
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այն թեմաները, որոնք այսօր ամբողջությամբ զբաղեցրել են մեդիադաշտը՝ Կաթողիկոսի զավակ, կուսակրոնության շուրջ բանավեճեր, Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրություններ, արքեպիսկոպոսների կալանավորում, առհասարակ գոյություն չունեին հասարակական օրակարգում։ Դրանք ի հայտ եկան համակարգված, համաժամանակյա կերպով՝ ստվերելով այն հիրավի աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք որոշիչ են դառնալու Հայաստանի ապագայի համար և տեղի են ունենում զուգահեռ։
Սկսենք նրանից, որ հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կատարեց Թուրքիա, որտեղ առաջին անգամ պաշտոնապես երկկողմ աշխատանքային հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների կարգավորման ընթացքը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային զարգացումները և համագործակցության հեռանկարները, իսկ թե ինչ են քննարկել իրականում՝ գիտեն միայն Փաշինյանը և Էրդողանը։
Այս հանդիպումից օրեր անց Թուրքիա գործուղվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ՝ քննարկելով Հայաստան-Թուրքիա տրանսպորտային համագործակցության հնարավոր ուղղությունները։
Արդեն երեկ բրիտանական Middle East Eye-ը հաղորդեց, որ այս ամիս նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում Դուբայում՝ որպես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակություն։ Հոդվածում ընդգծվում է, որ չնայած թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես առանցքային երկիր Միջին միջանցքի համար, որը Թուրքիայի համար ուղիղ կապ կապահովի դեպի Կենտրոնական Ասիա, իսկ թուրքական ընկերություններն էլ հետաքրքրված են մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերին՝ Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման դուրսբերումը։
Զարմանալի զուգադիպությամբ՝ այս հրապարակումից ընդամենը մեկ օր հետո՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը վերսկսվել է, որի շրջանակում կքննարկվի նաև Անկախության հռչակագրի կարգավիճակը։ Գալյանի խոսքով՝ տեքստի մշակումը կտևի մոտ 10 ամիս։
Թեև այս պահին չի հստակեցվել սահմանադրական հանրաքվեի ժամկետը, ենթադրվում է, որ այն կարող է համատեղվել 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք նախատեսված են մոտ 11 ամսից։
Այս ամենին զուգահեռ շարունակվում են Սյունիքի վերաբերյալ առանցքային միջազգային քննարկումները։ Carnegie Politika-ի տվյալներով՝ գործընթացին ակտիվորեն ներգրավվել է նաև ԱՄՆ-ն՝ առաջ քաշելով մի մոդել, ըստ որի Սյունիքով անցնող միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնի չեզոք երրորդ կողմ՝ ամերիկյան լոգիստիկ օպերատորը։ Թեև այս մոդելը չի ենթադրում ռազմական ներկայություն, այն փաստացի նշանակում է արտաքին վերահսկողություն և չի համընկնում Հայաստանի կառավարության հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, որն ընդգծում է երկրի տարածքով անցնող բոլոր ուղիների նկատմամբ բացառապես հայկական վերահսկողության անհրաժեշտությունը։
Սակայն երեկ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ «միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, և քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ»։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ սկզբունքային հայտարարություններից հետո հաճախ հաջորդել են փաստացի դիրքորոշման նահանջներ, ԱԳՆ այսօրվա մեկնաբանությունը հանրային ընկալման մեջ դիտարկվում է որպես նման նահանջի նախադրյալ։
Իսրայել-Իրան կարճատև պատերազմը ցույց տվեց, որ երբ Իրանի և Ռուսաստանի օդային տարածքները փակ են, Հարավային Կովկասը դառնում է միակ ուղղությունը, որով հնարավոր էր թռիչքներ իրականացնել Ասիայից դեպի Եվրոպա, և, բնականաբար, ոչ պակաս կարևորություն ունի նաև տարածաշրջանի ցամաքային կապը։
Պատահական չէ, որ դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ Ռուսաստանը պահանջեց Սյունիքով նախատեսվող հաղորդակցության վերահսկողությունը տրամադրել իր սահմանապահ ծառայությանը։ Այդ կետը ներառվել էր, որպեսզի կանխվի որևէ այլ աշխարհաքաղաքական ուժի, հատկապես Արևմուտքի, վերահսկողությունը այս առանցքային ճանապարհի նկատմամբ, և, բնականաբար, Մոսկվան դեմ է ցանկացած մոդելի, որտեղ ինքը չի վերահսկում։
Հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի հիմնական աջակից քաղաքական ուժերի՝ նախկին նախագահների աննախադեպ ցածր հասարակական աջակցությունը, այս գործընթացի դեմ Ռուսաստանը ակտիվացավ սովորաբար բոլոր իշխանություններին լոյալ և երբեք դեմ չարտահայտված Սամվել Կարապետյանի միջոցով։ Վերջինս հայտարարեց, որ իրենց ձևով են միջամտելու Եկեղեցու դեմ արշավի պայքարին, որից ընդամենը ժամեր անց՝ Փաշինյանի մի քանի գրառումներից հետո՝ ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով, իսկ մեկ շաբաթ անց կառավարության որոշմամբ պետականացվեց Կարապետյանի ամենամեծ ակտիվը՝ ՀԷՑ-ը:
Ե՛վ իշխանությանը, և՛ Կարապետյանի թիմին պարզ էր, որ այս հայտարարությանը ինչ էր հետևելու, Կարապետյանի համար թերևս անակնկալ էր արագությունը, որով իշխանական համակարգը սկսեց պայքարը իր դեմ, ամեն դեպքում մի քանի օրում Հայաստանի ու Ռուսաստանի բազմաթիվ հասարակական տարածքներում փակցվեցին Կարապետյանի հսկայական պաստառները #մենքմերձևով մշակված հեշթեգով, իսկ սոցիալական ցանցերով լայնածավալ արշավ սկսվեց Կարապետյանի կողմնակիցների կողմից:
Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ Սամվել Կարապետյանը, որը տիրապետում է միլիարդավոր դոլարների կարողության, հիմա պաշտոնապես իր հիմնական մրցակիցն է իշխանության համար պայքարում, և երկուսն էլ հետդարձի տեղ չունեն։ Եթե Կարապետյանը պարտվի, շատերը վստահ են, որ դա կհանգեցնի նաև նրա ֆինանսական կայսրության խարխլմանը Ռուսաստանում։ Այդ պայմաններում նա պատրաստ է ներդնել 10, 50 կամ նույնիսկ 100 միլիոն դոլար՝ որքան էլ անհրաժեշտ լինի, և որքան պահանջի Ռուսաստանը։
Այս բոլոր գործընթացները, որքան էլ տարբեր լինեն ձևով, իրականում վերաբերում են նույն բանին՝ Սյունիքին։
«Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ»։ ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը:
«Խաղաղության խաչմերուկ», Միջին միջանցք, թե այլ անվանումով, բովանդակային հարցերը նույնն են՝ ով է վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը, որի համար պայքար են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և նույնիսկ Չինաստանը։
Այս պահին վճռվում են Հայաստանի սահմանների, ինքնիշխանության և ապագայի հիմնարար հարցեր, որի մասին հաստատ գիտի վարչապետը, և հաստատ չգիտի ՔՊ-ականների մեծ մասը:
Հարցն այն է՝ վերջապես Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















