Հայաստանի եկեղեցիները տրվում են վարձով

Հայաստանի եկեղեցիները տրվում են վարձով
Հայաստանի եկեղեցիները տրվում են վարձով

Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է որոշ օգտատերեր գրառումներ են անում այն կապակցությամբ, որ Զվարթնոց տաճարի տարածքը վարձով է տրված եղել ինչ որ կորպորատիվ միջոցառման համար, որի ընթացքում տաճարը փակ է եղել զբոսաշրջիկների համար: Օգտատերերից մեկը գրել էր, որ ինչ որ ռուսներ են դիմավորել իրենց եւ ասել, որ տարածքը փակ է եւ մուտքը արգելված: Օգտատերերից մեկն էլ գրել էր, որ տաճարի տարածքում կիասմերկ անձանց է տեսել, այսպես ասած կորպորատիվ միջոցառման հետքերով: Այդ տեղեկությունները հայտնվել են նաեւ մամուլում:

Մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ է գտնվում այդ ամենը, կարծես թե լռում է: Չկա որեւէ պաշտոնական պարզաբանում, թե արդյոք օգտատերերի ահազանգն իրականություն է, կամ արդյոք ընդհանրապես հնարավոր է, որ Հայաստանի պատմամշակութային արժեքները վարձակալության տրվեն կորպորատիվ միջոցառումների համար:

Թեեւ, ինչու՞ հնարավոր չէ: Եթե հնարավոր է, որ մշակույթի նախարարության հանդարտ թողտվությամբ ավիրվի Փակ շուկան, ինչու՞ հնարավոր չէ կորպորատիվ միջոցառումների թողտվությունը որոշակի փողտվության դիմաց:

Եթե օրինակ ՊՆ հաշվեկշռում գտնվող, Հայաստանում ռազմական շքերթներում օգտագործվող Նիսան մակնիշի մեքենաները Հայաստանի գերբը վրան կարող էին տարիներ առաջ նկատվել մասնավոր հարսանիքների շարասյուններում, ինչու՞ չի կարող տարիներ անց էլ մշակութային կոթողը դառնալ մասնավոր ժամանցի օբյեկտ:

Ի վերջո, մի՞թե ամբողջ Հայաստանը չի վերածվել իշխող տնտեսա-քաղաքական «էլիտայի» մասնավոր ժամանցի շրջանակում: Օրինակ, մամուլում հրապարակվեց տեղեկություն, ամիսներ, թե տարի առաջ, որ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը գիշերը ժամը մեկին Հանրապետության հրապարակում միացնել է տվել երգող շատրվանները՝ Ռուսաստանի օրհներգով, որպեսզի «պատիվ» անի ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության պետին: Այդ տեղեկությունը որեւէ մի կառույց չհերքեց, փաստացի հաստատելով, որ Հայաստանի պաշտոնյաները արդեն երգեր են պատվիրում ոչ թե ռեստորաններում, այլ Հանրապետության հրապարակում:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման կապակցությամբ մի քանի օր առաջ հայտարարում էր, թե կա եւ լավը եւ վատը, բայց ինքը կողմ է, որ պատմությունից միշտ դրական հիշողությունները մնան, դրականը հիշվի:

Եթե դատենք այդ փիլիսոփայությամբ, ապա միանգամայն բնական կլիներ, եթե մշակութային տաճարները տրվեին կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների: Դիցուկ հենց Զվարթնոց տաճարը: Տաճարը քանդված է: Վատ հիշողություն է: Ամեն անգամ այցելուները պետք է լսեն այդ մասին, տեսնեն քանդված տաճարը: Դրական չէ: Իսկ եթե տաճարները տալիս ենք կորպորատիվ միջոցառումների, ապա շատանում են դրանցում դրական հիշողությունները, նորանոր մարդիկ են շատ դրական էմոցիաներ ունենում Զվարթնոցը հիշելիս, այդ թմոցիաները փոխանցվում են քարերին, սյուներին, իսկ նրանք էլ իրենց հերթին փոխանցում են այցելուներին: Կարդալ ավելին