Ջավախքը հայաթափվում է. ջավախահայերն ահազանգում են Վրաստանի վարած քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ

Ռեժիսոր Աստղիկ Մելքոնյանի` Ջավախքի մասին պատմող «Վահե» (Արև)ֆիլմում հաճախ կարելի է տեսնել գյուղում աշխատող կանանց, ծերերի և երեխաների: Ֆիլմի հեղինակների խոսքով` նման կադրեր որսալն ամենևին դժվար չէր. Ջավախքում իրավիճակն այդպիսին է:
Տղամարդիկ ամուսնանալուն պես մեկնում են Ռուսաստան` փող աշխատելու: Երիտասարդներն էլ դպրոցն ավարտելուն պես գալիս են Երևան` սովորելու և մեծ մասամբ չեն վերադառնում:
2009-ին նկարահանված վավերագրական «Վահե» ֆիլմը պատմում է Ջավախքում հայաթափման խնդրի մասին: Տեղի բնակիչները խոսում են իրենց առջև ծառացած սոցիալական և մշակութային խնդիրների մասին, ներկայացնում դժվար առօրյան:
«Երբ հյուրընկալվում էինք Ջավախքում, շատ հաճախ էր պատահում, որ տանը տղամարդ չէր լինում. միայն կանայք ու երեխաներ էին կամ ծեր մարդիկ: Տեղի ժողովուրդը մեծ մասամբ գնում է Ռուսաստան` խոպան»,- «Մեդիալաբին» պատմում է Աստղիկ Մելքոնյանը:

Նրա խոսքով` «Վահե» ֆիլմի նկարահանումից հետո հիմնական արձագանքները ստացվել են հենց Ռուսաստանից, այնտեղ բնակվող ջավախահայերից: Սա, ըստ Աստղիկի, հերթական անգամ վկայում է այն մասին, որ Ջավախքի բնակչության ամենաակտիվ հատվածն այսօր արտերկրում է: Այս արտագաղթի պատճառներից մեկը, ըստ ռեժիսորի, ոչ այնքան սոցիալական, որքան մշակութային է:

«Նրանք շատ կտրված են ժամանակակից կյանքից: Իրականում նրանք այնտեղ գյուղական շրջափակման մեջ են: Ո´չ արտադրություն կա, ո´չ էլ գործ: Ստացվում է, որ երիտասարդը կա´մ պետք է շարունակի ապրել այդ տաղտկալի իրականության մեջ, կա´մ ինքը, եթե հայրը նրան Ռուսաստան չկանչի, պետք է գա Հայաստան և այստեղ փորձի զարգանալ»,- ասում է Աստղիկ Մելքոնյանը:

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որը վաղուց է` ինչ զբաղվում է ջավախահայության խնդիրներով, լուրջ տարաձայնություններ ունի Վրաստանի իշխանությունների հետ, իսկ 2009-ին պատգամավորին չի թույլատրվել հատել հայ-վրացական սահմանը:

Շիրակ Թորոսյանն ասում է, որ օրերս Թբիլիսիի հրահանգով Ջավախքում աշխատանքից հեռացվել են այն ուսուցիչները, որոնք զբաղվում են երեխաների հայեցի կրթությամբ. «Պատճառը ձեր մեջ փնտրեք»: Ի հետևանս` աշխատանքից հեռացրել են նաև Թորոսյանի ծնողներին:

Պատգամավորը պնդում է, որ տեղի ունեցածը Վրաստանի հակահայկական քաղաքականության շարունակությունն է, քանի որ հեռացրել են հենց այն ուսուցիչներին, որոնք աչքի են ընկել հայրենասիրությամբ:

«Վրաստանի իշխանությունների նպատակն է մոնոէթնիկ պետություն ստեղծել: Հայ ժողովուրդը դեռևս նախորդ դարի սկզբին Վրաստանում 10 տոկոս էր կազմում, սակայն ժամանակի ընթացքում տոկոսային կշիռը իջավ: Եթե 70-ական թվականներին հայերն արդեն 7,5 տոկոս էին, ապա հիմա 5,7 տոկոս են մնացել: Դա հենց հայահալած քաղաքականության հետևանքն է»,- «Մեդիալաբին» ասում է Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորի պնդմամբ` Ջավախքում հայերի նկատմամբ հալածանքները բազմաբնույթ են` ազգային, կրոնական, կրթական, սոցիալ-տնտեսական: Բարձր է նաև քաղաքական հետապնդումների ու հալածանքների ցուցանիշը: Մինչդեռ պաշտոնական Երևանի արձագանքն այս ամենի վերաբերյալ բավական թույլ է:

«Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի հանդեպ բխում է հարևան-բարեկամական, քաղաքակիրթ հարաբերությունների կառուցումից: Բայց Վրաստանի իշխանություններն այլ սկզբունքներով են առաջնորդվում: Նրանք, գիտակցելով, որ Հայաստանը Վրաստանից որոշակի կոմունիկացիոն կախվածության մեջ է, հանդես են գալիս այլ տեսանկյունից. եթե դու ինձնից կախվածության մեջ ես, ուրեմն ես իմ տարածքի հայերի հետ կվարվեմ ինչպես ուզեմ, ձեզ` որպես պետության հետ կվարվեմ ինչպես ուզեմ»,- ասում է Շիրակ Թորոսյանը:

Նրա կարծիքով, սակայն, Հայաստանի իշխանություններն արդեն պետք է համարժեք պատասխան տան Վրաստանի իշխանություններին և միջամտեն Ջավախքում իրականացվող հակահայկական քաղաքականությանը:

Մեկ այլ ջավախահայ` փորձագետ Վահե Սարգսյանը, որը Ջավախքի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ է, ասում է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը նպատակ ունի ձուլելու կամ հեռացնելու երկրի բոլոր ազգային փոքրամասնություններին: Այս պարագայում, ըստ նրա, Վրաստանի իշխանությունները փորձում են հարվածել հայերի ամենախոցելի տեղին` մշակույթին և կրթությանը:

«Նրանք հաշվարկել են, որ առանց մշակութային միջավայրի հայը չի մնա այդտեղ, կհեռանա: Ջավախքում այսօր մշակութային միջավայրի ոչնչացում է տեղի ունենում: Դրա ակնառու օրինակը գրքի արգելումն է: Հայերեն լեզվով ոչ մի գիրք չեն թողնում մտնի Ջավախք»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Վահե Սարգսյանը:

Մեկ այլ մշակութային խնդիր է հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատումը, որոնց հաշվին պետք է վրացերեն դասավանդվի: Այս և նման այլ արգելքներով է Վահե Սարգսյանը բացատրում ջավախահայության արտագաղթի աճը Ռուսաստան և Հայաստան:

2002 թվականին Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով` ամբողջ Սամցխե-Ջավախք-Ծալկայի շրջանում 125.800 հայ էր բնակվում: Ըստ Վահե Սարգսյանի` վերջին ութ տարիների ընթացքում տեղի հայ բնակչության թիվը կարող է արդեն 100.000-ի հասած լինել:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am