ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ:

Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բեռնատարը, որը պայթել է կամրջի վրա՝ ի թիվս այլ երկրների, անցել է նաև Հայաստանի տարածքով:

«Արմենպրես»-ը փորձում է մանրամասներ ճշտել ՀՀ քաղաքացու ձերբակալության, ինչպես նաև բեռնատարի՝ Հայաստանի տարածքով անցնելու վերաբերյալ:

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: