«7 օրը դարձավ 90 օր»․ Նարե Պողոսյանը մոր հետ Բալիում է մնացել կորոնավիրուսով պայմանավորված սահմանները փակվելու պատճառով

«Չինաստանի Նոր տարվա ժամանակ մորս հետ որոշեցինք ճանապարհորդել Բալի, 7 օրով էինք եկել այստեղ, այնպես ստացվեց՝ 7 օրը դարձավ 90 օր»,- պատմում է Նարե Պողոսյանը, որը Չինաստանում կրթություն է ստանում և արձակուրդը որոշել էր մոր հետ Բալիում անցկացնել։

Սակայն աշխարհում մեծ տարածում գտած կորոնավիրուսի պատճառով Նարեն և մայրը արձակուրդից հետո չեն կարողացել վերադառնալ Չինաստան․ Բալին ամբողջապես փակ է թռիչքների համար։

«Համալսարանը զգուշացրեց, որ չպետք է վերադառնանք Չինաստան, մայրս էլ պետք է հետս գար Չինաստան ու հետո՝ Հայաստան, իրենք ասեցին՝ կկարգավորեն որոշ հարցեր, նոր թույլ կտան վերադառնալ: Այնուհետև Բալին էլ փակվեց ամբողջությամբ։ Չինաստանից հայտնեցին նաև, որ ես չեմ կարող վերադառնալ բնակության վայր մինչև օգոստոսը կամ ավելի երկար, դեռ պարզ չէ՝ մուտքն ու ելքը արգելված են էստեղ»,- ասում է նա։

Նշում է, որ Բալին փակելուց հետո այն զբոսաշրջիկների, որոնք մնացել են այնտեղ, վիզաները ավտոմատ կերպով երկարացվել են։

Պողոսյանը պատմում է, որ սկզբում իսկապես հրաշալի է եղել արձակուրդը, բացահայտել են Բալին իր գեղեցիկ անկյուններով, սակայն այժմ անորոշ վիճակի մեջ են, չգիտեն, թե երբ կավարտվի այս ամենը, և երբ կվերադառնան իրենց բնակության վայր։

«Անորոշ վիճակ է հատկապես մայրիկի համար։ Շատ սթրեսային է այս ամենը։ Մեզ համար մի քիչ ավելի դժվար է, քանի որ մենք մեր երկրում չենք և չգիտենք նույնիսկ՝ եթե հիվանդանանք՝ ինչպես կլինի: Աստված չանի, եթե հիվանդանաս, բայց կուզես գոնե քո երկրում լինել»,- ասում է Պողոսյանը։

Նշում է, որ իրենց առօրյան հիմնականում անցնում է փակ տարածքում։ Փորձում են տեղական ուտելիքներ սովորել պատրաստել, սպորտով զբաղվել և տնից դուրս գալ միայն գնումներ կատարելու համար։

«Առաջին երկու ամիսը հյուրանոցում ենք բնակվել, այնուհետև տուն վարձեցինք, հյուրանոցում մնալը ֆինանսապես մեծ ծախս էր, որոշեցինք տուն վարձել»։

Նարե Պողոսյանը պատմում է, որ առաջին երկու ամսվա ընթացքում չի աշխատել, սակայն այժմ հեռավար աշխատանք է իրականացնում և վաստակում․ «Made-in-China ընկերությունը, որի հետ նախկինում հակագործակցել էի, ինձ հայտնեց, որ կարող եմ օնլայն աշխատել։ Մարքեթինգային ծրագրեր եմ գրում նրանց համար։ Շատ դժվար էր սկզբում, չէի աշխատում։ Հիմա համակարգիչ եմ ձեռք բերել և պրոյեկտներ եմ գրում։ Իմ մակբուքը Չինաստանում էր մնացել, օգտագործված համակարգիչ եմ գնել։ Ինչ ապրանք ունեմ, էնտեղ է մնացել։ Ես ուսանող եմ և ամբողջ օրը նաև պետք է պատրաստվեմ թեզիս համար, բացի դրանից, պետք է օնլայն աշխատեմ»,- պատմում է նա։

Պողոսյանն ասում է, թե քանի որ Բալին տուրիստական վայր է, դժվար է նաև տեղացիների համար, քանի որ այժմ աշխատանք չունեն և անգամ չեն կարող իրենց թույլ տալ խանութից դիմակ գնել, փոխարենը տանն են պատրաստում։ Նշում է, որ կառավարությունը սնունդ է բաժանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց՝ բրինձ, ձեթ և քիչ քանակությամբ այլ ուտեստներ։

«Փակ են գրեթե բոլոր հանրային վայրերը՝ լողափերը, ռեստորանները, ժամանցի վայրերը։ Դուրս ենք գալիս հիմնականում խանութ գնալու համար։ Խանութներ մտնելուն պես աշխատողը դուռը բացում է մեզ համար, ալկոգել և անձեռոցիկ են տալիս, նոր թույլ են տալիս մտնել, դուրս գալիս նույնպես տալիս են ալկոգել և անձեռոցիկ, և դուռը մեզ համար իրենք են բացում։ Հայաստանի նման թղթեր չենք լրացնում։ Տնից դուրս գալիս պարտադիր ձեռնոց և դիմակ ենք օգտագործում, վերադառնալիս պարտադիր լոգանք ենք ընդունում և նոր հագուստ ենք հագնում»,- պատմում է նա։

Նարեն կապի մեջ է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության հետ։ «Ես զանգահարեցի Ինդոնեզիայի դեսպանատուն, և իրենք վիզայի համար փաստաթղթեր ուղարկեցին: Անընդհատ զանգահարում են մեզ, մեր որպիսությունն են հարցնում։ Չինաստանից հիմնականում համալսարանից են զանգում, հարցնում են մեր առողջական վիճակը, փորձում են համակարգիչս ուղարկել, որ դասերս կարողանամ նորմալ կատարել»,- ասում է Պողոսյանը։

«Դեռ երևի 6-7 ամիս այստեղ կլինենք, եթե թռիչք չկազմակերպվի Հայաստան»,- ասում է Նարեն և հույս հայտնում, որ իրավիճակը շուտ կհաղթահարվի, և մարդիկ կանցնեն բնականոն կյանք: 

Արփինե Արզումանյան

MediaLab.am