ՀՔԱՎ․ Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործում պետությունն ակնհայտ ոչ արդյունավետ քննություն է իրականացնում

2019 թ.-ի ապրիլի 16-ին հետհեղափոխական Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Ոստիկանության օրվա առիթով հանդիսությանը հայտարարել էր, թե այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն. «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»։

Նույն օրը պարգևատրվեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մինչդեռ, օրեր առաջ՝ ապրիլի 8-ին, նույն հետհեղափոխական Հայաստանի ոստիկանների կողմից խոշտանգվելու, ապա և «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ծատինյանը:

Հիշեցնենք՝ Նոր Նորքի բաժնի ոստիկանները բերման էին ենթարկել Էդգար Ծատինյանին՝ սպանություն կատարելու կասկածանքով և դաժան ծեծի ենթարկել: Նրանք փորձել էին Էդգարից վկայություն կորզել՝ հակառակվելու դեպքում՝ սպառնացել «Կրիստալ» տեսակի թմրանյութ գցել գրպանը: Վերջինս էլ, գիտակցելով դրա հնարավոր հետևանքները, պոլիէթիլենային տոպրակով թմրանյութը կուլ էր տվել:

Է. Ծատինյանին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մինչ օրս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, մեկ տարուց ավելի ընթացող քննությունն էլ ընդամենը սահմանափակվել է առկա դատաբժշկական փորձաքննական եզրակացությամբ ու նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննությամբ, որը մինչ այժ ավարտված չէ և  արդյունքները մինչ օրս չկան:

«Նախաքննության մարմինը ջանասիրություն չի ցուցաբերում այս գործը լիարժեք քննելու հարցում: Եթե գործն արդեն 2 տարի  քննում են ու ոչինչ չեն արել, սպասում են փորձագետի եզրակացությանը, որ նոր միայն քննություն սկսեն, ոչ մի արդյունավետություն չի կարող լինել, որովհետև փորձաքննությունը պայմանավորված չէ քննչական գործողություններով», պնդում է ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը: Քննություն իրականացնող մարմնի անաչառության մասին նրա բազմաթիվ բացարկները, բողոքներն ու անվստահությունը շարունակաբար մերժվել ու անտեսվել են:

Տեսնելով, որ պետությունը չի կարողանում ապահովել գործի արդյունավետ քննությունը, Արայիկ Զալյանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ