«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հոկտեմբերի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել սատարել Զանգեզուրի բնակչությանը ընդդեմ` այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերի:
Հեղինակները իրենց նամակում հիշեցրել են, որ Հայաստանի Հանրապետությունում լեռնարդյունաբերության տեխնոլոգիական ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը:
Նրանց խոսքով, հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո, հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ:
«Սարդարապատ» վստահ է, որ բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները եւ որ «արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը» :
«Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը հայտարարել է, որ այդ ծրագրերի կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը, քանի որ հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։
«Կոչ ենք անում մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը՝ վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը»,- նշված է հայտարարության մեջ։
© Medialab.am