Այսօր տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում. Բյուրականի աստղադիտարան

Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում, որը ցավոք Հայաստանից տեսանելի չի լինի։ Այն կարելի է դիտել Երկրի միայն Եվրոպայի արևմուտքից, Հս Ամերիկայից, Հվ․ Ամերիայի հյուսիսային մասից, Արկտիկայից:Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես եք լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):

Արեգակի լրիվ խավարում հանդիպում է միջինում 18 ամիսը մեկ անգամ։ Լինում են նաև օղակաձև խավարումներ, երբ Լուսինը ծածկում է Արեգակն ոչ ամբողջությամբ, և Արեգակի արտաքին օղակը երևում է (այս տարի սպասվում է հոկտեմբերի 2-ին), ինչպես նաև ավելի հաճախ լինում են մասնակի խավարումներ։ Ընդհանուր առմամբ, տարեկան Երկրի տարբեր մասերում դիտվում է 2-4 խավարում։ Սակայն, քանի որ խավարումները (առավել ևս լրիվ խավարումը) դիտվում են շատ նեղ շերտով և Երկրի տարածքի փոքր մասն են ծածկում, խավարումը տվյալ վայրում շատ հազվագյուտ երևույթ է։ Հաշվարկված է, որ Երկրի տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարում կարող է դիտվել միջինում 300 տարին մեկ անգամ։