ՔԿ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ

Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այս պահին մեզ մոտ գտնվում է երկու սիրիացի վարձկան, որոնք արդեն իսկ հարցաքննվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել են: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի  նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ և տեղեկացնեն գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ, բայց այս պահի դրությամբ դեռևս կապ չեն հաստատել զուտ տեխնիկական պատճառներով, որովհետև իրենց հարազատների մոտ բացակայում է հեռախոսակապը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` ՔԿ-ն ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով աշխատում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, որպեսզի այդ անձանց հարազատներին տեղյակ պահեն նրանց գտնվելու վայրի մասին: