Պետք է լուրջ վերահսկողություն իրականացվի, որպեսզի հացահատիկի նոր գնանշումներ չլինեն, տնտեսվարողները չօգտվեն առիթից. Տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, եվրոպական ֆոնդային բորսայում ցորենի գներն աճել են 8.2 տոկոսով, եգիպտացորենինը՝ 5.4 տոկոսով այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց չերկարաձգել Սևծովյան համաձայնագիրը։ Ինչո՞ւ Ռուսաստանը նման որոշում կայացրեց, ցորենի գնի նման աճը սպասելի՞ էր։

– Հացահատիկի գործարքը չերկարաձգելը Ռուսաստանի կողմից ավելի շատ ուներ քաղաքական դրդապատճառներ, քանի որ դա ճնշում է Արևմուտքի վրա, որպեսզի վերջիններս նաև նվազեցնեն Ռուսաստանի վրա պատժամիջոցների տեսքով ճնշումը: Բնականաբար, սա պատասխան քայլ էր այդ նոր պատժամիջոցներին, որոնք օրեցօր ավելի են խստացվում։ 

Բացի այդ, պետք է նշել, որ սա տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէր Ռուսաստանին, որովհետև, ըստ հաշվարկների, մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի կողմից վաճառվել է շուրջ 60 միլիոն տոննա հացահատիկ, իսկ դրա արդյունքում, քանի որ հացահատիկը բավական ցածր զեղչային գներով է վաճառվել, Ռուսաստանի արտահանող ընկերություններն ունեցել են մեկ միլիարդ դոլարի կորուստ, հետևաբար, դա տնտեսապես ձեռնտու չէ Ռուսաստանին:

Սա ավելի շատ Ուկրաինային էր ձեռնտու, որովհետև նույն Եվրոպայի մի շարք երկրներ իրենց սահմանները փակել են ուկրաինական հացահատիկի համար, ու նույնիսկ տրանզիտով չի թույլատրվում այդ տարածքով դրանց արտահանումը, որովհետև նրանք ներքին հացահատիկի արտադրությունն են պաշտպանում: 

Հետևաբար, այս գործարքի երկարաձգումն ավելի շատ ձեռնտու է եղել Ուկրաինային և արևմտյան երկրներին, որովհետև այս գործարքի արդյունքում ցորենի մեծ մասը գնացել է այդ երկրներ, այլ ոչ թե թույլ զարգացած աֆրիկյան երկրներ, ինչպես նշվել էր ՄԱԿ-ի համապատասխան հայտարարությունում, երբ կնքվում էր հացահատիկի այս գործարքը։

– Դրա համա՞ր Ռուսաստանը չերկարաձգեց Սևծովյան համաձայնագիրը։

– Այո՛, որովհետև դրանից ավելի շատ օգտվել են զարգացած երկրները, իսկ թույլ զարգացած երկրների խնդիրը, ըստ Ռուսաստանի, կարելի է կարգավորել առանց հացահատիկի գործարքի, ու, ըստ իրենց հայտարարության, կիրականացվեն համապատասխան մատակարարումներ դեպի հարավաֆրիկյան երկրներ։ 

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, բնականաբար, ցանկացած նման իրավիճակ ազդում է շուկայում գնագոյացման վրա, ինչպես դեպի վերև, այնպես էլ դեպի ներքև: Ընդհանուր առմամբ, եթե խոր վերլուծենք, պետք է հասկանանք, որ սրա արդյունքում, այո՛, առաջացել է որոշակի լոգիստիկ խնդիր, ու կան դժվարություններ ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված, բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ դա նաև ինչ-որ տեղ որոշակի ավելցուկ է ստեղծում, և այդ արտադրողները պետք է փնտրեն դա իրացնելու նոր ճանապարհներ, ու վաղ թե ուշ հացահատիկի գինն էապես կնվազի, որովհետև որոշակի տեղերում կուտակումներ են տեղի ունենալու։ Այսինքն՝ եթե ցամաքային ճանապարհով չկա ցորենի արտահանման որևէ խոչընդոտ, այս տարածաշրջանում, հատկապես ԵԱՏՄ երկրների մասով որևէ գնային փոփոխության խնդիր չպետք է առաջանա, որովհետև կան կնքված պայմանագրեր, համաձայնագրեր ու նախանշված ծավալներ: 

Այլ հարց է, որ տնտեսվարողները կփորձեն օգտվել այս առիթից ու ներքին շուկայում գնային փոփոխություն իրականացնել, սակայն դա արդեն պետական մարմինը պետք է վերահսկի ու ապօրինի գնի բարձրացում թույլ չտա։ Պետք է լուրջ վերահսկողություն իրականացվի, որովհետև այսօր ներմուծված հացահատիկի գները եղել են նախկին գները, ու նոր գնանշումներ, հատկապես մեր երկրի մասով, չկան։ 

Իսկ միջազգային բորսաներում լրիվ այլ խնդիր է, դա ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ է կրում, որովհետև վաղ թե ուշ եթե ոչ Սևծովյան այդ անվտանգ գոտիով, այլ ցամաքային ճանապարհներով, ի վերջո, որոշակի կոնսենսուս կլինի, այդ գոյացած հացահատիկը կարտահանվի, ու, կարծում եմ, մեծ աժիոտաժ չի լինելու։

– Պարո՛ն Սարգսյան, այսինքն՝ այդ կարգավորումը մոտ ապագայո՞ւմ է լինելու, ու այս թանկացումը երկար չի՞ պահպանվելու։

– Ժամանակի ընթացքում գնի նվազում, այնուամենայնիվ, կլինի։ Կոնկրետ Հայաստանի մասով որևէ խնդիր չի լինելու, որովհետև նույն ավանդական ճանապարհով ներմուծվելու է, ու գնի փոփոխության հիմք չկա։ Այլ խնդիր կլիներ, եթե հացահատիկի բերքատվության մակարդակն իջներ, Ռուսաստանը չունենար հացահատիկի բավարար պաշար ու այդ հիմքով արգելեր այդ արտահանումը: Այդ պարագայում հնարավոր էր գնի որոշակի բարձրացում, բայց հիմա, ընդհակառակը՝ սրա արդյունքում Ռուսաստանում կարող են կուտակվել մեծ պաշարներ, որոնք ի վերջո պետք է իրացվեն։

– Ընդհանուր առմամբ ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության վրա։

– Ընդհանուր տնտեսության վրա փաստացի այն երկրները, որոնք անմիջականորեն այդ տարածաշրջանում ներգրավված չեն, ավելի շատ օգուտներ ստացան, քանի որ արտահանման հետ կապված խնդիրները, նույն այդ վառելիք արտադրող երկրները բավական մեծ հավելավճարներով իրացրին իրենց արտադրանքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ 

Նույն Ռուսաստանի տնտեսությունը ևս, ըստ կանխատեսումների, ավելի վատ վիճակում պետք է լիներ, սակայն տվյալ դեպքում այնքան էլ վատ չէ, կախված հանգամանքից, որ Ռուսաստանը թե՛ իր պարենով, թե՛ ուկրաինական ապրանքներով, էներգառեսուրսներով առավել քան ինքնաբավ է։ Այդ պատժամիջոցները, որ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, ի վերջո, ավելի մեծ ազդեցություն ունեցան եվրոպական տնտեսությունների վրա, քան բուն ռուսական։ 

Պատերազմի հետևանքով հիմնական վատ ազդեցությունը գնաճն էր, որը կար դեռևս քովիդի ընթացքում, ու դրա դեմ ուղղված զարգացած ու այլ երկրների զսպող քաղաքականությունը, որը որոշակիորեն զսպեց նաև տնտեսական աճը, ներկա դրությամբ այդ իրավիճակը քիչ թե շատ շտկվել է: Կարծես աշխարհը համակերպվել է այս պատերազմի հետ, ու կտրուկ վայրիվերումներ չնկատվեցին։ 

Հայաստանի դեպքում այս պատերազմից ածանցվող ավելի շատ դրական, քան բացասական ազդակներ եղան։ Բացասականը միայն արտահանման հետ կապված՝ դրամի փոխարժեքի բարձրացմամբ պայմանավորված խնդիրն էր, սա նաև երկկողմանի էր, այսինքն՝ և՛ դրական, և՛ բացասական, որովհետև մի կողմից դա զսպում է ներմուծման հետ կապված գնաճը, մյուս կողմից էլ՝ արտահանման հետ կապված խնդիրներ են առաջանում: Ներկայումս այդ դիսբալանսը կարծես հարթվում է, ու տնտեսական բարձր աճի պայմաններում տնտեսական հավելյալ օգուտներն ավելի շատ են, քան բացասական հետևանքները։

– Գների նվազման մասով որ ասում եք, արդյոք քաղաքացին իր գրպանի վրա զգացե՞լ է դա Հայաստանում, թե՞ ոչ։

– Ժամանակի ընթացքում գնաճը բավական զսպվել ու կրճատվել է, ու նախորդ ամսվա ցուցանիշով նույնիսկ գնանկում ունենք, հիմնականում սննդամթերքի գծով է, ավելի շատ մրգեղեն, բանջարեղեն, բայց այլ ապրանքային խմբերում ևս կան գնանկումներ, ինչը ևս դրական ազդակ է, որ մեր տնտեսության մեջ, այնուամենայնիվ, այդ գնաճային ֆոնը կարգավորվում է ու վերադառնում է Կենտրոնական բանկի սահմանած թիրախային միջակայք՝ պլյուս-մինուս 1,5%, ու մինչև տարեվերջ այդ միջակայքում է մնալու։ 

Եթե նկատի ունենանք, որ որոշակի մեղմացում է տեղի ունեցել դրամավարկային քաղաքականության մեջ, ապա այս ամենը շատ դրական է ազդելու տնտեսության հետագա զարգացման վրա, ու քաղաքացին ամեն դեպքում զգալու է այդ դրական ազդակները ու համապատասխան ազդեցությունները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am