«Բա ի՞նչ էին ուզում, Փաշինյանի ճակատը պաչեի՞ն, երբ մարդկանց տները հայտնվում են թշնամու ուղղակի նշանառության տակ». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Ինչպե՞ս եք գնահատում  Սյունիքում տեղի ունեցածը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց շարունակել իր այցելությունը և կեսից վերադարձավ՝ կանխատեսելով բախումներ, իսկ հետո հայտարարեց, որ սյունեցիներին այց է պարտք: Բնակա՞ն էր այսպիսի ընդունելությունը, թե՞ չափից դուրս էր տեղի ունեցածը:

– Եկեք մի պահ պատկերացնենք նույնպիսի իրավիճակ որևէ այլ երկրում, այսինքն՝ եթե երկիրը ջախջախիչ պարտություն է կրում, ապա երկրի ղեկավարությունը առնվազն մեծ մեղք ունի: Մի կողմ եմ դնում բոլոր այն կասկածները դավաճանության և այլ բաների մասին: 

Ես ասում եմ՝ մեղքի մեծ բաժին ունի: Ցանկացած նման երկրում իշխանության ղեկավարը հեռացվում է, շատ հաճախ քրեական գործ է հարուցվում, եթե դա օրինապաշտ երկիր է, շատ հաճախ դա էլ չի հարուցվում, ուղղակի պատի տակ գնդակահարում են: 

Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել պատմությունից: Հիմա ակնհայտ է, որ մեր երկիրը ջախջախիչ պարտություն է կրել, այո՛, այս պարտության արմատները գալիս են տասնամյակներից, բայց Նիկոլ Փաշինյանը 2 ամսվա ղեկավար չէ, այլ 2,5 տարվա: 

Եվ հատկապես վերջին տարիներին է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից նոր տիպի զինատեսակների գնումը, մեզ մոտ էլ եղել են ռազմավարական սխալներ: Հիմ ո՞վ պետք է դրա համար պատասխան տա՝ երկրի ղեկավարը: Հետևաբար, այն վերաբերմունքը, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ եղել է և կա, կարելի է համարել մեղմ: 

Ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանում նման պարտությունը արժեցավ նախկին ղեկավարության պաշտոնանկության, հետո էլ՝ մահվան: Մի քանի անգամ է դա եղել, ամեն պարտությունից հետո այնտեղ տեղի է ունեցել իշխանափոխություն: 

Բա ի՞նչ էին ուզում, Նիկոլ Փաշինյանի ճակատը պաչեի՞ն, երբ մարդկանց տները հայտնվում են թշնամու ուղղակի նշանառության տակ, և դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանի բանակցած փաստաթուղթը կիսագրագետ է, լիքը անհստակություններ կան: 

Մասնավորապես, այնտեղ չի նշվում Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին, բայց, չգիտես ինչու, պարտադրվում է, որ մեր դիրքերը հետ գնան: 

– Տեղի ունեցող սահմանազատումը GPS-ի օգնությամբ բավականին խնդիրներ առաջացրեց Սյունիքում: Կարելի՞ էր խուսափել այս ամենից, որովհետև մասնագետներն ասում են, որ սահմանազատման համար տարիներ են պետք: 

– Այստեղ մի քանի խնդիր կա: Նախ խոսեմ մի սկզբունքային հարցի մասին. դեռ պետք է որոշել, թե ԽՍՀՄ վարչական սահմանները արդյոք նույնակա՞ն են միջպետական սահմանների հետ, թե՞ ոչ, և ընդհանրապես, կարո՞ղ են համարվել սահմաններ, թե՞ ոչ: Սա բարդագույն հարց է, և, կարծում եմ՝ միայն միջազգային արդարադատության դատարանը իրավասություն ունի դա որոշելու: 

Պետք է գնային այնտեղ, ու այնտեղ որոշվեր դա: Եթե որոշվեր, որ, այո՛, վարչական սահմանները հանդիսանում են միջպետական սահմանների համար հիմք տվյալ իրավիճակում, այդ դեպքում, այո՛, պետք է ստեղծվեր համապատասխան հանձնաժողով, և համապատասխան ամբողջական տեղեկությունները ի մի բերելով՝ լինեն քարտեզներ թե այլ տեղեկություններ, այդ աշխատանքը տարվեր: 

Նման աշխատանքը, որպես կանոն, այո՛, տարիներ է տևում, երբեմն՝ տասնամյակներ, երբեմն՝ դարեր: Իրանի սահմանի՝ մոտ 534 կմ, մոտավորապես 4-5 դար տևել է սահմանագծումը: Այդտեղ միշտ անպայմանորեն ներգրավված են լինում նաև միջազգային փորձագետներ: 

Բնական է, որ այն իրավիճակում, երբ մենք ունենք, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, չէր կարելի թույլ տալ, որ այդ երկու կողմերը առանձին գործեին: Պետք էր ստեղծել չեզոք մասնագիտական հանձնաժողով: Այս ամբողջ շտապելու իմաստը ո՞րն է: Ադրբեջանի առումով շտապելու իմաստը հասկանում եմ, նա ուզում է առավելագույնը պոկել: 

Ես մասնագետ չեմ, բայց որքան կարողացա ծանոթանալ և կարդալ տարբեր կարծիքներ, GPS-ը բավականին սխալվելու հատկություն ունի: GPS-ի համար 50-100 մետր սխալվելը սովորական բան է: Այնտեղ մուտքային տվյալների հետ կապված խնդիր կա, մագնիսական դաշտի փոփոխության հարց կա և այլն: 

Սա զուտ մասնագիտական հարց է: Ես որքան հասկանում եմ, ոչ մի մասնագետ ներգրավված չէ, տեղի համայնքների ղեկավարների վրա է բարդած էս գործը, որոնց դիմաց էլ ուժային ճնշմամբ խնդիրները լուծում են: 

Սա պարզապես պետության և կենտրոնական իշխանության քայքայում է, և չի կարող իշխանավորը, չկատարելով իր պարտականությունները, պահանջել իր իրավունքները: Ընդհանրապես, ցանկացած դեպքում իրավունքներն ու պարտականությունները միասնաբար են հանդես գալիս: 

Ներկա փուլում Նիկոլ Փաշինյանը չի կատարում երկրի տարածքային ամբողջականության երաշխավորի իր պարտականությունը և սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովողի պարտականությունը, հետևաբար չի կարող պահանջել իր իրավունքները՝ հարգանք իր քաղաքացիներից:

– Այս իրավիճակում ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել, այդ թվում՝ սահմանների հետ կապված: Հիմա տեսակետ է հնչում, որ եթե նույնիսկ կառավարությունը հեռանա, ունենք այն, ինչ ունենք, որը փոփոխման ենթակա չէ:

– Ո՞վ ասաց՝ փոփոխման ենթակա չէ, ի՞նչ հեքիաթներ են դրանք: Ընդամենը հրադադար է կնքված, և Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները, հրադադարի փաստաթղթի մեջ ներառել է միջպետական պայմանագրին բնորոշ կետեր: 

Նիկոլ Փաշինյանը հեռանում է, դրանից հետո հայկական կողմը պաշտոնապես ասում է, որ հավատարիմ է մնում հրադադարի կետին, բայց դրանով հանդերձ հակասություններ է տեսնում ամբողջ փաստաթղթի մեջ: 

Մասնավորապես, այն դրույթը, որում նշվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, հակասում է փաստաթղթի մյուս կետերին: Այսինքն՝ եթե զորքերը պետք է մնան իրենց տեղում, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք Քարվաճառն ու Լաչինը հանձնում, ինչո՞ւ ենք Կուբաթլիում ու Զանգելանում զորքերը հետ բերում: 

Այո՛, հրադադարը հենց այդպիսին է լինում: Կարդացեք 1994 թվականի հրադադարի տեքստը՝ կողմերը դադարեցնում են կրակը և մնում են իրենց տեղերում և վերջ: Մնացած հարցերը արդեն հետագայում բանակցություններով է լուծվում: 

1994-ին Մինսկի խումբը նոր-նոր էր սկսել գործել, իսկ հիմա Մինսկի խումբը հսկայական աշխատանքի պաշար ունի կուտակած: 

Դա պետք է պնդել և այս ամբողջ բանակցային գործընթացը բերել Մինսկի խմբի ձևաչափի մեջ, այսինքն՝ եղած սկզբունքները պետք է իրականացվեն: Այդ սկզբունքներից մի կետը՝ ԼՂԻՄ-ի շուրջ տարածքների հանձնումը, իրականացվել է, բայց մյուս երկու կետը չի իրականացվել: 

Առաջինը ուժի չկիրառումն է, որը խախտվել է, և երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է, որը պետք է բարձրացվի: Եթե անգամ Ղարաբաղը ռուսական ազդեցության գոտի է, պետք է այն լինի ԼՂԻՄ-ի տարածքով: 

Ի՞նչ իրավունքով է Ադրբեջանը գրավել Հադրութը: Այն իրավունքով, որովհետև ինքն ուժե՞ղ է: Այդ դեպքում իրենք թող սպասեն դրա պատասխանին: Այդ դեպքում աշխարհը վերածվում է ջունգլիի, և չպետք է խոսվի միջազգային իրավունքի գերակայության մասին: 

Այդ դեպքում մենք էլ կարող ենք մեր քայլերն անել՝ խախտելով միջազգային իրավունքը: Մենք կարող ենք խախտել միջազգային իրավունքը և Ադրբեջանի մայրիկը լացացնենք: 

Կարող ենք դա անել: Զենքի տարբեր տեսակներ կան, որ մենք կարող ենք կիրառել, ու Բաքվի կեսը պարզապես չի լինի: Ա՛յ դա կլինի միջազգային իրավունքի խախտում, դա՞ են ուզում: 

Ուրեմն իրենք պետք է որոշեն՝ կա՛մ կա միջազգային իրավունքի գերակայություն, կա՛մ չկա, չեն կարող պահանջել մեզնից միջազգային իրավունքի հարգանք, բայց իրենք խախտեն այդ իրավունքները:

Մանե Հարությունյան

MediaLab.am