Որոշ ուժեր փորձում են վիժեցնել երկխոսությունը. ՀԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել ակտիվիստներին, մինչ ոստիկանությունում քրգործ է հարուցվում

Որոշ ուժեր փորձում են վիժեցնել երկխոսությունը. ՀԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել ակտիվիստներին, մինչ ոստիկանությունում քրգործ է հարուցվում
Որոշ ուժեր փորձում են վիժեցնել երկխոսությունը. ՀԱԿ-ը կոչ է անում ազատ արձակել ակտիվիստներին, մինչ ոստիկանությունում քրգործ է հարուցվում
Հեղինակ MediaLab

Երեկ երեկոյան Երեւանի Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տեղափոխված եւ ուշ գիշերը ձերբակալված ընդդիմադիր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը, Արեգ եւ Սարգիս Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը այս պահին գտնվում են Ձերբակալվածների պահման վայրում` (КПЗ):

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի`(Խուլիգանություն) եւ 316 հոդվածի 1-ին մասի, (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հատկանիշներով:

Ինչպես «Մեդիալաբին» փոխանցեց Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, երիտասարդների մոտ քիչ առաջ դիտորդական խումբ է մտել, որն արձանագրել է, որ «տղաների մոտ կա ուղեղի ցնցում, մարմնական այլ վնասվածքներ եւ անհրաժեշտ է բժշկական օգնություն»:

Մոտ մեկ ժամ առաջ էլ ՁՊՀ է մեկնել Շտապօգնության բրիգադը, որի բժիշկներն, ըստ Խաչատրյանի, արձանագրել են, որ ուղեղի ցնցման վերաբերյալ կասկածները բավարար են երիտասարդներին հիվանդանոցում բուժզննելու համար:

Նշենք, որ ըստ օրենքնի, ՁՊՎ-ում ձերբակալվածներին կարող են պահել 72 ժամ, ինչից հետո նրանց կամ պետք է մեղադրանք առաջադրեն եւ խափանման միջոց ընտրեն, կամ էլ` ազատ արձակեն: «Փաստաբաննները ներգրավել են գործում, քննիչի հետ պայմանավորվածություն կա` այսօր կամ վաղը այցելել իրենց պաշտպաններին»,- նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կարապի լճի հարեւանությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ականատեսների վկայությամբ, Կոնգրեսի երկու երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը մոտեցել են քաղաքացիներից մեկին ստուգող ոստիկաններին եւ պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան, սակայն, ոստիկանները գետնին են տապալել երկու երիտասարդներին եւ սկսել են ոտքերով հրավածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներում եւ հատկապես գլխի ուղղությամբ:

Այդ ժամանակ ոստիկաններին են մոտեցել Կոնգրեսի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, (եղբայրներ) եւ փորձել են պաշտպանել իրենց ընկերներին:

Ոստիկանները, սակայն, նրանց հանդեպ եւս ուժ են կիրառել, ապա` տեղափոխել ոստիկանության կենտրոնի բաժանմունք:

Ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում պատմել են ականատեսները, ոստիկանները բավականին երկար ժամանակ ծեծի են ենթարկել երիտասարդներին, ապա ուժով խցկել ոստիկանական մեքենաները եւ բերման ենթարկել բաժին: Սակայն, ոստիկանությունն այս ամենը հերքում է:

Սակայն, ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, խնդիրները շարունակվել են Ոստիկանության մոտ:

Մասնավորապես փաստաբանները ավելի քան 40 րոպե հնարավորություն չեն ունեցել մտնել ոստիկանության մասնաշենք, ՀԱԿ հաղորդագրության համաձայն, «օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին, ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը», իսկ դեպքի վայր ժամանած բժիշկներին էլ, հնարավորություն չեն տվել երիտասարդներին բուժօգնություն ցուցաբերել:

Տեղեկացվում է նաեւ, որ «դատավարական ձեւակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է»:

Ըստ էության, «փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում»:

Երիտասարդներին ձերբակալելուց հետո, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը`երեկ ուշ գիշերը ոստիկանության մոտ հավաքված լրագրողներին ասել է, թե այս քայլով արդեն կասկածի տակ է դրվում ընդդիմություն-իշխանություն երկխոսության շարունակականությունը:

Ավելին, նա տեղեկացրեց նաեւ, որ ինքը կապ է հաստատել իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, առաջարկել գալ ոստիկանության շենք, հանդիպել երիտասարդներին, սակայն, վերջինս մերժել է այդ առաջարկը:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ Հարությունյանն էլ առաջարկել էր հանդիպել Երեւանի ոստիկանապես Ներսիկ Նազարյանի հետ, սակայն, այս անգամ էլ ինքն է մերժել այդ առաջարկը, քանի որ այդ հանդիպման կարիքը չկար:

Դավիթ Հարությունյանն այսօր արդեն արձագանքել է միջադեպին, այն բանից հետո, երբ չճշտված տեղեկություն էր տարածվել, թե Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հանդեպ բռնություն է կիրառվում նաեւ մեկուսարանում:

«Իմ խոստման համաձայն, ես որպես պատգամավոր կհետևեմ տեղի ունեցողին, ես գնացել եմ ձերբակալվածների պահման վայր, առանձին-առանձին հանդիպել բոլոր 7 ձերբակալվածներին: Նրանք բոլորը հաստատել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ որ ժամանակավոր պահման մեկուսարանում իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Տեղի ունեցածը սակայն, ընդդիմությունը որակել է որպես «սադրանք, իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը»:

«Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը»,- նշվում է Կոնգրեսի հայտարարության մեջ:

Կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է նաեւ, թե «բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը»։

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»,- նշվում է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am