«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում».  ըստ իրավապաշտպանի՝ այժմ քննադատությունն ու մոտեցումներն արդեն ազդեցություն ունեն

«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում».  ըստ իրավապաշտպանի՝ այժմ քննադատությունն ու մոտեցումներն արդեն ազդեցություն ունեն
«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում».  ըստ իրավապաշտպանի՝ այժմ քննադատությունն ու մոտեցումներն արդեն ազդեցություն ունեն

Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո քաղաքացիական հասարակությունը մասնակցում է երկրում խնդիրների լուծմանն ու հետևում դրանց: Բարիկադային մոտեցումը, որը կար Հայաստանում իշխանության ու քաղհասարակության միջև նախորդ իշխանության ժամանակ, այսօր չի կարող գործել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հավելելով, որ այսօր Հայաստանի իշխանության ու քաղաքացիական հասարակության հարաբերություններն ավելի շատ համագործակցային բնույթ ունեն:

Երկրում կատարվող փոփոխությունների համատեքստում մտահոգություններ են հնչում, որ քաղաքացիական հասարակությունը կարող է կորցնել իր դեմքը և իշխանության պաշտպանության դիրքերից հանդես գալ: Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ի՛նչ պետք է անել, որ քաղհասարակությունը չվերածվի իշխանության խոսափողի:

«Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին հսկելու գործառույթը չիրականացնեին, այդ ժամանակ կարելի էր ասել, որ քաղհասարակությունը կորցնում է իր դեմքը»,-ասում է նա:

«Ընդամենը մեկ ամիս է, ինչ այս իշխանությունը գոյություն ունի: Եվ սա նախորդ իշխանության տրամաբանական շարունակությունը չէ, և նույն բովանդակությամբ ու բնույթով չպետք է լինի այդ հսկողությունը: Քաղհասարակության հսկողական գործառույթն այսօր ուղղելու, պահանջելու, հորդորելու բնույթ ունի: Մենք սուր քննատատություն ենք անում, երբ ծայրահեղ դեպքեր են լինում, երբ տեսնում ենք, որ քայլ կա, որը մտահոգություն է առաջացնում: Բայց մենք համոզված ենք, որ այս իշխանությունը քաղաքական կամք ունի»,- ասում է Արթուր Սաքունցը: Նրա խոսքով ՝ զարգացած երկրներում, ինչպիսիք Նորվեգիան կամ Գերմանիան են, տպավորություն է ստեղծվում, որ քաղհասարակությունը իշխանության շարունակությունն է, բայց այդպես չէ:

Քաղաքացիական հասարակությունը՝ հանձինս այն մարդկանց, ովքեր այսօր գործում են դաշտում, ըստ Սաքունցի, իրենց դեմքը չեն կորցնելու: Պարզապես մի բան պահանջելուց առաջ պետք է նաև մասնակցել խնդիրների լուծմանը, այդ հնարավորությունն օգրագործել, առաջարկություններ անել, ինչ-որ տեղ նաև սովորեցնել: «Իսկ եթե տեսնենք, որ տեղ չի հասնում, քննադատելը միշտ էլ լինելու է»,- ասում է նա:

Իրավապաշտպանը հավելում է.

«Նախևառաջ պետք է արձանագրել հետևյալը. այս իշխանությունը իրապես ձևավորվել է ժողովրդի մեծամասնության կամքով, որում նաև քաղաքացիական հասարակությունն է ներգրավված: Այսինքն՝ մենք երկար ժամանակ ձգտել ենք այնպիսի իշխանություն ունենալ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է, որը հաշվի է նստում հանրային կարծիքի հետ, թափանցիկ է, հաշվետու: Բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ իշխանությունն ունի լուրջ խնդիրներ, նկատի ունեմ թե՛ կարողությունների, թե՛ հնարավորությունների առումով: Գոյություն ունեցող պետական ինստիտուտները երկար ժամանակ աշխատել են ավտորիտար, կոռումպացված իշխանության տրամաբանության շրջանակներում, և այս նոր խնդիրների լուծմանը սովոր չեն: Սահմանադրության, օրենքի առաջ հավասար պատասխանատվության, իրավունքի գերակայության սկզբունքները, որոնք սահմանադրական են, պետական ինստիտուտների համար ուղենիշ չեն եղել: Ունենք ծանր ժառանգություն, և այդ ծանր ժառանգության մասին քաղաքացիական հասարակությունը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, քննադատում, որ նախորդ իշխանությունները գնում են ոչ թե խնդիրների լուծման, այլ խնդիրների կուտակման ճանապարհով: Հիմա բնական է, որ այս նոր պայմաններում քաղհասարակությունը պետք է անպայման իր վարքագիծը փոխի՝ ելնելով ստեղծված հնարավորություններից»,- ասում է Սաքունցը:

Այն խաղի կանոնները, որոնք մշակվել էին նախորդ ժամանակահատվածում և լուծումներ չէին ունենում, հիմա պետք է ներկայացնել նոր իշխանություններին: Իսկ այդ ներկայացնելու ժամանակ, ըստ իրավապաշտպանի, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ քաղհասարակությունը իշխանության մաս է կազմում:

«Ո՛չ, նախևառաջ պետք է խնդիրները ներկայացնել, այնուհետև լծվել այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք բոլորին են վերաբերում: Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե մենք ձեռքներս ծալած նստեինք, տեսնեինք՝ անելո՞ւ են, թե՞ ոչ, գիտակցելով, որ այդ նոր խնդիրների լուծման համար համապատասխան մարդկային ռեսուրսները շատ սահմանափակ են: Եղած կադրային ռեսուրսները Մելիք-Ադամյանով անցածներն են կամ նրանք, ովքեր պատրաստ էին Մելիք-Ադամյանով գնալ: Այս պայմաններում պետք է իշխանություններին աջակցել, ոչ թե դիտորդի դերում լինել»,- ասում է նա:

Ըստ Սաքունցի՝ քաղհասարակությունը չի կարող կորցնել իր դեմքը, դառնալ իշխանությունների խոսնակը, քանի որ արդեն իսկ քննադատել են նոր իշխանություններին: Որոշ կադրային նշանակումներ, իրավապաշտպանը հիշեցնում է, արժանացել են իրենց քննադատությանը:

«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում, պարզապես մեր մոտեցումներն ու գնահատականները ներկայացնում ենք ոչ թե այն ակնկալիքով, որ քննադատում ենք և ներքուստ համոզված ենք, որ հաշվի չեն առնելու, այլ հակառակը՝ համոզված ենք, որ հաշվի են առնելու: Ավելին, մենք տեսնում ենք, որ մեր մոտեցումներն ազդեցություն են ունենում»,- նշում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am