Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ6) ճանապարհին ընթանում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ

Հեղինակ MediaLab

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ6) ճանապարհի շուրջ 51.7 կմ երկարությամբ հատվածում` Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետում, ընթանում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքներին հետևելու նպատակով շինհրապարակներ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Նաղդալյանը։

Նա կարևորել է շինաշխատանքների՝ նախանշված ժամկետներում, բարձր որակով և անվտանգության կանոնների պահպանմամբ իրականացումը:

Նաղդալյանը նախ եղել է կապալառուներից մեկի՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերության՝ Վանաձորում գտնվող արտադրական բազայում‚ ծանոթացել արտադրամասերին‚ որտեղ ստանում են ճանապարհային շինարարության մեջ օգտագործվող նյութեր՝ բետոն‚ ասֆալտ‚ ավազակոպիճ‚ խիճ։

Շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների մանրամասները։ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան տեղամասում «Հորիզոն 95» ՍՊԸ կողմից կատարվում են հողային աշխատանքներ‚ ժայռային հանույթ‚ վերակառուցվում է Սանահին կամուրջը։ 

Ալավերդու համայնքապետարանում համայնքապետ Սասուն Խեչումյանի‚ «ԱԱԲ պրոեկտ» և շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Տիգրան Նաղդալյանն ընդգծել է‚ որ շինաշխատանքները պետք է կատարվեն բոլոր կողմերի սերտ համագործակցության պայմաններում‚ ինչի արդյունքում կգտնվի յուրաքանչյուր հարցի փոխշահավետ լուծում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ալավերդու տարածքով անցնող միջպետական ճանապարհի լուսավորության ապահովման լուծումներին‚ ենթակառուցվածքների տեղափոխման‚ քաղաքի երկու կամուրջների հիմնանորոգման հարցերին։

Կանգառ եղավ «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհահատվածի այն տեղամասում‚ որտեղ մեծածավալ՝ շուրջ 70 մ բարձրությամբ ժայռային զանգվածի հորատապայթեցման խնդիր է առաջացել։ Քննարկվում է այդ տեղամասում գալերեա կառուցելու տարբերակը, որը թույլ կտա իրականացնել փոքրածավալ ժայռային հանույթ և ճանապարհը պաշտպանել քարաթափումներից։

Մ6 միջպետական ճանապարհի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ տարածքի հիմնանորոգումն իրականացնող կապալառուի՝ իտալական «Սուարդի» կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրին‚ որ ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար‚ և ասֆալտբետոնե խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց‚ ինչպես նաև եղանակային պայմանների բարելավումից հետո կսկսեն ասֆալտապատումը։ Իտալական կազմակերպությունն ու տեխհսկողությունն իրականացնող ընկերությունն առաջարկում են շինարարության ընթացքում կիրառել որոշ նորարարություններ, ինչը քննարկման փուլում է։

Այս օրերին կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ‚ շինարարության ընթացքում պահպանվում են նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար սահմանված միջոցառումները՝ աշխատակիցների ջերմաչափում‚ օգտագոծվող սարքավորումների ու մեխանիզմների ախտահանում համապատասխան նյութերով և այլն։