Անպաշտպան կյանք. Մահացել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը կյանքի ու մահվան հետ կռիվ տալուց հետո այսօր հիվանդանոցում մահացել է:
Դեռեւս երեկ «Մեդիալաբին» ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության բաժնից տեղեկացրել էին, որ Ավետյանն թեեւ երկու վիրահատության է ենթարկվել, սակայն նրա վիճակը շարունակում էր ծայրահեղ ծանր մնալ:
Քիչ առաջ, լրատվության բաժնից հաստատել են  33-ամյա բժշկի մահվան լուրը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, Ավետյանը եւ նրան ընկերակցողները դաժան ծեծի էին ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանի ավտոկայանատեղիում՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից:
33-ամյա Ավետյանի ուղեղում առաջացել է հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել էր գանգուղեղի վիրահատության: Երկրորդ վիրահատությունն էլ ոչինչ չի փոխել:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

Միջադեպի փաստով քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը:

Հասարակական հնչեղություն ստացած այս գործի վերաբերյալ ռեստորանի սեփականատեր, իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է,« որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»

Իսկ կիրակի, Վահե Ավետյանին այցելած նորանշանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել էր, թե շատ ուշադիր է լինելու, քանի որ «մեր կոլեգաները եւս, ինչպես շատ-շատ մարդիկ, անպաշտպան են մնացել»:

«Բժիշկները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, որոնք հերթապահում են, որոնք իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար, և հանկարծ նման պատմությունների մեջ են: Մենք պետք է նախարարությունում հատուկ ուշադրություն դարձնենք մեր յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի իրավունքների պաշտպանության համար»,- ասել է Դումանյանը:

Տեղեկացնենք, որ Վահե Ավետյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

© Medialab.am