Միգուցե ձեռք են տալիս այն դատավորները, որոնք ընդունում են խաղի կանոնները․ Հայկ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության իրավական փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, 2019-ի մայիսի 20-ին վարչապետը հայտարարեց, որ գնում են դատական համակարգում «վիրահատական միջամտությունների», մասնավորապես, կիրառվելու է վեթինգ։ Սակայն օրերս վերջնականապես հայտնի դարձավ, որ վեթինգ Հայաստանում չի լինելու։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

– Ընդհանուր առմամբ, բոլոր հանրային ծառայողների ստուգման գործընթացն ունի չափորոշիչներ՝ գիտելիքների, կարողությունների ստուգում, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման վիճակի ստուգում և բարեվարքության ստուգում։

Առաջին երկու կոմպոնենտները Հայաստանում իրավական ակտերով դեռևս վաղուց նախատեսված եղել են, այլ է խնդիրը, որ դրանք գործնականում չեն իրականացվել։

Պատճառներից մեկը հայտարարագրման ինստիտուտի թերի լինելն էր, քաղաքական կամքի բացակայությունն էր և այլն։ Երրորդ գործոնը՝ բարեվարքության ստուգումը, դիտվում է որպես անցումային արդարադատության գործիք, դա նշանակում է նախկին քաղաքական կապերը, ընդհանուր վատ վարքը, հանրույթի վատ վերաբերմունքը տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ։

Նման դրսևորումներից ելնելով են բարեվարքությունը ստուգում։ Բարեվարքության կոմպոնենտը պետք է նոր ներդրվեր Հայաստանի Հանրապետությունում։ Դատական օրենսգրքով և կից օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ այդ բարեվարքության ստուգումն անցնելու են դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուները։ Գործող դատավորները չեն ենթարկվելու բարեվարքության։

Այսինքն՝ ստացվում է, որ գործող դատական համակարգը, ըստ էության, չի անցնելու վեթինգ։ Ի դեպ, այդ բառը մի տեսակ շատ օգտագործվեց, և դրա բուն բովանդակությունը կորավ, բայց դրա իմաստը հենց այն է, որ կապված երկրում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների հետ, որոնք հեղափոխական տրամադրություններ են ձևավորում այս կամ այն համակարգը բարելավելու ուղղությամբ, պետք է նաև բարելավվի այդ համակարգերի արդյունավետությունը։

Վեթինգն ինքնանպատակ չպետք է կիրառվեր։ Դրա հիմնական նպատակը դատական համակարգի արդյունավետության, հանրության մոտ դրա հեղինակության բարձրացումն էր, վեթինը նաև հեղինակազրկված, քաղաքականացված դատավորների դուրսբերումն էր այդ համակարգից։

– Փորձագիտական շրջանակների մտահոգությունն էր նաև դա, որ նախկինում անարդար որոշումներ կայացրած դատավորները անձեռնմխելի են մնում բարեվարքության գործընթացում։ 

– Այո՛, դա է խնդիրը։ Այդ դատավորներին վերաբերելու են գույքի և եկամուտների հայտարարագրումը և կարողությունների՝ գիտելիքների ու հմտությունների գնահատումը։ Բայց գույքի ու եկամուտների հայտարարագիրն էլ վերաբերելու է 2017 թվականի հունիսից հետո ընկած ժամանակաշրջանի հայտարարագրմանը։

Նախ՝ կարևոր խնդիրն այն է, որ միայն վեթինգն ի վիճակի չէ լուծելու դատական համակարգի խնդիրները, բայց ամենակարևորներից է։ Հաջորդը դատական համակարգի անկախության ապահովումն է, որից Դատական օրենսգիրքը հետքայլ է կատարել։

Այսինքն՝ նախատեսվել է մի դրույթ, որի համաձայն ստեղծվելու է դատավորների գնահատման հանձնաժողով, որի կազմում դատավորներ ու հասարակական կազմի ներկայացուցիչներ են լինելու, և նրանք գնահատելու են դատավորին։ Իսկ գնահատման չափորոշիչների մեջ ներառված է դատական ակտի հիմնավորվածության ստուգումը։

Սա ուղղակի նոնսենս է․ չի թույլատրվում ուղղակի, դատական համակարգի կառուցվածքի մեջ աշխարհում նման բան չկա, որ դատավորի կայացրած դատական ակտը, բացի վերադաս դատարանից, ստուգի նաև այլ մարմին։ Այս գործընթացով դատավորի կախվածություն է ստեղծվում, քանի որ այդ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնել, ինչն էլ կարող է դատավորին կախվածության մեջ գցել։ Սա քաղաքական որոշակի վերահսկողություն է դատական համակարգի նկատմամբ, ինչն անթույլատրելի է։

Դատական համակարգի անկախության երաշխիքը, ի վերջո, ո՞րն է՝ որ դատավորները որոշումներ կայացնելիս անկաշկանդ լինեն։ Իսկ նրանց որոշումների հիմնավորվածության ստուգման հնարավորություն ունենա բացառապես հաջորդ ատյանի դատարանը։ Վեթինգ հասկացությանը Հայաստանում ահասարսուռ կերպար հաղորդվեց, և շատերին թվաց, թե այս նոր իշխանություններն են դա ստեղծել։

Ո՛չ, այդ ինստիտուտը կիրառվում է նաև այլ երկրներում, ուղղակի չեն ուռճացրել, ինչպես մեզանում արվեց։ Իսկ եթե վեթինգը կիրառվում է մինչհեղափոխական դատական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ, ապա դա դիտարկվում է որպես անցումային արդարադատություն։ 

– Արդարադատության նախարարը նոր արտահայտություն ներմուծեց՝ «հայկական վեթինգ»։ Դա ինչո՞վ է տարբերվելու դասական վեթինգից։

– Ես սովոր եմ ըստ էության խոսել և ոչ թե տեխնիկական ինչ-որ խնդիրներին անուններ դնել։ Ես ուղղակի զգացել եմ, որ «վեթինգ» բառը շատ վատ ընկալվեց Հայաստանում, որովհետև ճիշտ չներկայացվեցին դրա բովանդակությունն ու էությունը։

Եվ հիմա հայկական վեթինգ կանվանենք թե ալբանական՝ դրանից բովանդակությունը չի կարող փոխվել։ Կա պարզ ճշմարտություն. եթե փորձելու ենք մանիպուլացնել իրավական ինստիտուտները, դրանք ճիշտ չներկայացնել հանրությանը և չբացատրել, թե դրա նպատակն ի՛նչն էր, սխալ է։

Դատական համակարգը երկար տարիներ եղել է հասարակությանը հարստահարող, իրավունքները ոտնահարող ինստիտուտ։ Վեթինգն ինքնանպատակ չէ, և ես կողմնակից չեմ, որ պիտակներ են փակցնում՝ հայկական, վրացական թե ալբանական, միևնույն է, դրանից գործընթացի բովանդակությունը չի կարող փոխվել։

– Մեզ ասվում է, որ վեթինգ անելու համար պետք էին սահմանադրական փոփոխություններ։

– Միգուցե Սահմանադրության մեջ կային դրույթներ, որոնք խոչընդոտող հանգամանքներ կդիտարկվեին։ Բայց ես կարծում եմ, որ երկու տարվա ընթացքում մենք հնարավորություն ունեինք սահմանադրական փոփոխություններ իրականացնել։

Եթե իշխանությունը այդքան արագ նախաձեռնեց սահմանադրական փոփոխություն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հարթելու համար, ուրեմն կարելի էր շատ արագ այդ հարցը ևս միաժամանակ բարձրացնել։ Այսինքն՝ սահմանադրական արգելքների մասին հայտարարությունը պատճառաբանություն չէ։

Պատճառաբանություն չէ, որ սահմանադրական արգելքներ կան, և ըստ այդմ՝ արդարացված է վեթինգ չիրականացնելու գործընթացը։ Բայց նաև՝ ես վստահ չեմ, որ Սահմանադրության որևէ դրույթ խոչընդոտում է վեթինգի իրականացումը, որովհետև կան մասնագետներ, ովքեր նշում են, որ որևէ սահմանադրական արգելք չկա։ 

– Ի՞նչ ենք հասկանում իշխանությունների այս գործելաոճից, չե՞ն ցանկանում առողջացնել դատական համակարգը։

– Միգուցե ձեռք են տալիս այն դատավորները, որոնք ընդունում են խաղի կանոնները, կարճ ասած՝ խամաճիկային դատական համակարգ։ Եթե նպատակահարմար է իշխանությանը, ուրեմն թող գործի, ի՞նչ է եղել որ, և այսկերպ սելեկտիվ արդարադատության հիմքեր դրվեն։ Այն, որ ասում են՝ դատավորները միգուցե փոխվել են, արդարացում չէ՝ իմ կարծիքով։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am