5 անձի նկատմամբ բռնություն գործադրելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով՝ ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում Պռոշյան համայնքի թվով 7 բնակիչներն այլ անձանց հետ, ավտոմեքենաներով, խմբի կազմում, մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, այցելել են նշված համայնքում վարձակալությամբ բնակվող անձի տուն, որտեղ, խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև քննությամբ չպարզված առարկաների գործադրմամբ, հարվածներ են հասցրել վերջինիս և նրա  չորս որդիների, ինչպես նաև՝ վերջիններիցս մեկի կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսը, բռնության գործադրմամբ, քաշել-պոկելու եղանակով, հափշտակել են տուժողներից մեկին պատկանող ոսկյա վզնոցը, ինչպես նաև՝ տուժողներից մեկի կնոջը պատկանող ոսկյա վզնոցը և ոսկյա խաչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած 7 անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կետերով:

Որպես խափանման միջոց մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մյուս հինգի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: